Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՊ զեկույցը քննարկում ենք այն միջավայրում, երբ Կիրանցում բռնություն է կիրառվում իրենց հայրենիքի համար կռիվ տվող մարդկանց նկատմամբ»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 02,2024 17:52

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ «Մենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը քննարկում ենք այնպիսի միջավայրում, որ հենց այս պահին Տավուշի Կիրանց բնակավայրի մոտ բռնություն է կիրառվում կիրանցիների նկատմամբ, ովքեր իրենց տան ու հայրենիքի համար կռիվ են տալիս։ Մարդկանց ձեռքին կան սեփականության իրավունքի վկայականներ, որ դրանք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա հայտնի սահմանազատման գործընթացը, որը հռչակվել է, որն իմ բնութագրմամբ՝ միակողմանի զիջումների գործընթաց է, դրա հետեւանքով այդ բնակարանների մի մասը մնալու են Ադրբեջանի հսկողության տակ։ Ինչքանո՞վ կարող ենք արձանագրել, որ մարդկանց սեփականության իրավունքը խախտվում է։ Երկրորդը՝ ի՞նչ տեղեկություն ունեք Կիրանցում այսօր առավոտվանից բռնությունների դեպքերի մասին եւ ի՞նչ քայլեր եք իրականացրել՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Մինչեւ տիկին Մանասյանը կպատասխանի, տեղեկացնեմ հանրությանը, որ տիկին Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց, եւ այդ տների վերաբերյալ դեռ որեւէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել»։

Անահիտ Մանասյանն ասաց, որ առավոտվանից որոշակի քայլեր իրականացրել են։ «Մենք մինչ այս էլ անընդհատ ենք քայլեր իրականացրել, որովհետեւ իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել ենք համապատասխան վայրեր, զրուցել ենք անձանց հետ՝ հասկանալու նրանց կողմից արձանագրած խնդիրները, հատկապես բռնության եւ ընդհանրապես վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված։ Մենք պահանջել ենք նաեւ պարզաբանումներ իրավասու մարմիններից, իհարկե, բանավոր կարգով մեզ որոշակի պարզաբանումներ տրամադրվել են, բայց սպասում ենք նաեւ պաշտոնական պարզաբանումների, որպեսզի կարողանանք ամփոփումներ իրականացնել։ Մենք հատուկ արձանագրել ենք, որ անհամաչափ ուժ չի կարելի գործադրել, կարեւորել ենք բոլոր հնարավոր դեպքերով պատշաճ քննության իրականացումը, հատուկ խոսել ենք պատգամավորին ազատությունից զրկելու դեպքի մասին»,- նշեց Մանասյանը։

Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի հարցերին, ՄԻՊ-ը նշեց․ «Նույնիսկ եթե անձինք չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որեւէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միեւնույն է, պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ, որովհետեւ պետությունն է թույլատրել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա։ Եվ բնականաբար պետությունն էլ պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետեւանքները, այդ թվում՝ փոխհատուցման եւ այլ ձեւաչափերի միջոցով»։

Թագուհի Թովմասյանը արձագանքեց Ռուբեն Ռուբինյանին․ «Պարոն Ռուբինյան, դուք նախագահող եք, եւ հարցը ձեզ չէր ուղղված։ Ձեր խմբակցության պատգամավորն այսօր ամբիոնից հայտարարեց, որ մի քանի տան հարց է ընդամենը, կարող էիք ուշադիր լինել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031