Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մայիսի 2-ին խորհրդարանում ներկայացրել է ԿԸՀ 2022-2023 թվականների գործունեության հաղորդումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմն իր լիազորությունները ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։
Նախորդող երկու տարիներին ԿԸՀ-ն Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական:
2023 թվականին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ստուգել է մեկ քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը։
Կարդացեք նաև
Այսպիսով, 2022 թվականին մարտի 27-ին Վեդի համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ, ևս 18 համայնքներում ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցել սեպտեմբերի 25-ին, դրանցից Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 17 համայնքներում անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ և Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ վարչական դատարան հայցադիմում չի ներկայացվել, քվեարկության արդյունքները ևս դատական կարգով չեն բողոքարկվել։
2022 թվականին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և ստուգարքներ: Նշված դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 3577 քաղաքացի, որոնցից 1686-ը ներկայացվել են կուսակցությունների, իսկ 1891-ը՝ անհատ քաղաքացիների։ Դասընթացներին մասնակցել է 2633 քաղաքացի, որոնցից 2378-ին ստուգարքի արդյունքում շնորհվել է որակավորման վկայական։
2023 թվականին ՏԻՄ ընտրություններ են կայացել 4 համայնքում։ Մասնավորապես, 2023 թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացել են ավագանու արտահերթ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Իսկ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ՝ մեծամասնական ընտրակարգով։
Ի դեպ, Անի և Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ողջ ընթացքը համացանցով՝ ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակվել է: Մինչ այս համացանցային հեռարձակում իրականացվել էր միայն ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկի գործընթացը ևս տեսանկարահանվել ու հեռարձակվել է։
Անի և Սիսիան համայնքներում կայացած ընտրությունները դատական կարգով բողոքարկվել են միայն Սիսիան համայնքի ընտրությունների արդյունքները։ Վարչական դատարանը մերժել է այդ բողոքը։
Վերին Դվին և Արզնի համայնքներում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ վարչական դատարան հայցադիմում, դիմում կամ բողոք չի ներկայացվել, ընտրությունների արդյունքները ևս դատական կարգով չեն բողոքարկվել։
ԿԸՀ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում ընտրությունների հրապարակայնության, թափանցիկության և մատչելիության բաղադրիչներին: Ընտրողներն օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացվել են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին դիմումներ ներկայացնելու, առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին: ԿԸՀ-ն հրապարակել է տեղեկատվական բնույթի պաստառներ, ուղեցույցներ, հուշաթերթեր, որոնք միաժամանակ նաև ԿԸՀ-ի կայքում են հրապարակվել: Ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար: Մասնավորապես՝ Անի և Սիսիան համայնքների բոլոր 61 տեղամասերում առկա են եղել բրայլյան ստվարաթղթե կաղապարներ նախատեսված քվեաթերթիկների համար, ինչպես նաև բրայլյան տպագրությամբ ներկայացված են եղել առաջադրված քաղաքական ուժերի անվանումներն ու հերթական համարները։
Ընտրական տեղամասերի ձևավորման փուլում ԿԸՀ պաշտոնական կայքում ներբեռնվել է մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը:
ԿԸՀ-ն «Ընտրական օրենսգրքի» 43-րդ և 143-րդ հոդվածների համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված թիվ 89-Ա որոշմամբ է նշանակել 38 ԸԸՀ-ների յոթական անդամներին։ Նոր կազմավորված հանձնաժողովները իրենց լիազորությունները ստանձնել են 2022 թվականի դեկտեմբերի 17-ին։
2023 թվականի փետրվարից սկսած նոր կազմավորված հանձնաժողովների անդամների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, ինչի համար ԿԸՀ-ն մշակել է հատուկ մեթոդիկա, և պատրաստվել են ուսումնական նյութեր։
Հարկ է նշել, որ Երևանի 10 ԸԸՀ-ների համար մասնագիտական դասընթացները կազմակերպվել են առանձին մշակված մեթոդիկայի և ուսումնական նյութերի համապատասխան։
Բացի այդ ՏԸՀ անդամության թեկնածուների համար 2023 թվականին ապրիլի 18-ից մինչև հունիսի 29-ը կազմակերպվել և անցկացվել են մասնագիտական դասընթացներ և ստուգարքներ: Նշված դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 9338 քաղաքացի, որոնցից 4826-ը՝ կուսակցությունների կողմից, իսկ 4512-ը՝ անհատ քաղաքացիների։ Դասընթացին և ստուգարքին մասնակցել է 6630 քաղաքացի, որոնցից 5303-ին շնորհվել է որակավորման վկայական։
2023 թվականին, մինչև Երևանի ավագանու ընտրությունները կայացած ՏԻՄ ընտրությունների համար կազմավորված բոլոր 64 տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված 512 անդամների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ:
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք, որոնք բոլորն էլ գրանցվել են։
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում մինչև քվեարկության օրը ԿԸՀ-ն ընտրությունների կազմակերպման և ընտրական գործընթացների վերաբերյալ ստացել է ընդհանուր 14 դիմում, որոնցից միայն 8-ն է ներկայացվել գրանցված քաղաքական ուժերի կամ նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կողմից։
Բոլոր դիմումներով իրականացվել է վարչարարություն, և տրվել է պատասխան։
Քվեարկության օրվանից հետո թվով 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից միայն թիվ 6, 8 և 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել է մեկական դիմում, որոնցից՝ 2-ը ներկայացված են եղել համատեղ դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպության կողմից։ Ի դեպ, դրանցում արտացոլված հանգամանքներն արձանագրված են եղել նաև համապատասխան տեղամասերի գրանցամատյաններում, և դրանցով իրականացվել են վարչական վարույթներ:
Արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 1 դիմում։ Երևանի 10 ԸԸՀ-ներում իրականացվել է ընդհանուր 78 տեղամասի արդյունքների վերահաշվարկ՝ մեծ մասը սեփական նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով գրանցամատյանների գրառումները կամ արձանագրություններում առկա թերությունները։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության թվեր, ըստ էության գրեթե չեն փոխվել։
475 տեղամասերից միայն 148-ում (ընդհանուր տեղամասերի թվի 31%-ում) տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարվել են թվով 281 գրառումներ, իսկ 327 տեղամասի գրանցամատյանում որևէ գրառում չի եղել:
475 տեղամասերից որևէ մեկում չի եղել նշում հատուկ կարծիք ունենալու մասին:
Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում չի ներկայացվել, դատական կարգով ևս արդյունքները չեն բողոքարկվել։
ԸԸՀ-ների ստացված միջնորդությունների արդյունքում ԿԸՀ-ն 14 անձի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականներն ուժը կորցրած է ճանաչել։
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների ժամանակ, ԿԸՀ-ի կողմից կազմվել և հրապարակվել է ուղեցույց և ուսումնական ձեռնարկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների, վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների համար, նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի վերաբերյալ, ուղեցույց թույլ տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար (նշված ուղեցույցը հրապարակվել է նաև բրայլյան այբուբենով), ինչպես նաև առանձին հուշաթերթեր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների համար։
Պատրաստվել և հրապարակվել են Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին նվիրված հանրային իրազեկման 4 հոլովակ։
Ի դեպ, բոլոր նյութերը հրապարակվելուց հետո տեղադրվել են նաև մեր հանձնաժողովի կայքում:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին, հավատարմագրված ԶԼՄ-ներին տրամադրվել են ընտրական օրենսգրքեր և ուղեցույցներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քարտեզագրվել և մատչելի չափորոշիչներով գնահատվել են Երևանի 475 տեղամասային կենտրոնները, որոնցից 183-ը համարվել են մատչելի՝ ըստ ընդունված չափորոշիչների։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների շրջայցների և ձեռնարկած միջոցառումների արդյունքում 30 տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերը փոխվել են։ 68 տեղամասային կենտրոններում հնարավորություն է ստեղծվել օգտագործել մատչելի այլընտրանքային մուտքերը, ապահովվել են ժամանակավոր թեքահարթակներով։
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների ժամանակ կազմավորված 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նշանակված 3800 անդամների համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ։ Ի դեպ, նախագահների և քարտուղարների համար լրացուցիչ դասընթացներ են կազմակերպվել։ Տարիների փորձը ապացուցել է, որ ընտրական գործընթացների որակը հիմնականում պայմանավորված է դրանում ներգրավված անձանց և հատկապես նախագահների և քարտուղարների մասնագիտական գիտելիքների մակարդակով։
Հաջորդ նորամուծությունը եղել է Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի վստահված անձանց համար ևս մասնագիտական դասընթացների կազմակերպումը։ ԿԸՀ առաջարկությունից օգտվելու ցանկություն է հայտնել 6 քաղաքական ուժ։ Վերջիններիս՝ ընդհանուր մոտ 1700 վստահված անձանց համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ։ Հարկ է նշել, որ քաղաքական ուժերը իրենք են ընտրել դասընթացի վայրը և իրենք են գրանցել մասնակիցներին։ Մեր հանձնաժողովը՝ նախապես կազմված ժամանակացույցի համաձայն ապահովել է դասընթացավարներով, ովքեր տվյալ քաղաքական ուժի ցանկալի վայրում անցկացրել են մասնագիտական դասընթաց։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևողական է ընտրական գործընթացների թվայնացման գործում, քանի որ դրանց կիրառումը նպաստում է ընտրությունների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ընտրական գործընթացները դարձնելով առավել թափանցիկ։
Ի դեպ, Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջև առկա կորպորատիվ ցանցը, որն ապահովում է ընտրական մի շարք գործառույթների ավտոմատացումը, գործում է դեռևս 2007 թվականից։
Ներկայումս ԿԸՀ-ում ներդրված գործում են շուրջ 15 ծրագրային համակարգեր՝ իրենց ենթահամակարգերով։ Դրանցից մի քանիսը ներդրվել են 2023 թվականին և կիրառվել են այդ տարում կազմակերպված բոլոր ընտրություններում։
Բացի այդ ԿԸՀ-ի համացանցային կայքում ներդրվել են միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց փոխել կայքի տառաչափը, գույները, հեռացնել նկարները և այլն։ Որոշ բաժիններում հրապարակվող նյութերի հետ հրապարակվում են նաև այդ նյութի աուդիոհոլովակները։
Ինչպես հայտնի 2021 թվականից գործում է ԿԸՀ-ի «Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրական ցուցակների առցանց ներկայացման համակարգ»-ը։ Այս համակարգը կուսակցություններին հնարավորություն է տալիս ընտրությունները նշանակվելուց անմիջապես հետո դիմել ԿԸՀ և ստանալ օգտահաշիվ ու դրանով օնլայն լրացնել ընտրական ցուցակը։ Արդյունքում, երբ կուսակցության համապատասխան օպերատորը մուտքագրում է թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի տվյալը, մնացած տվյալները լրացվում են ավտոմատ։ 2023 թվականին այս համակարգը լրացվեց նոր գործիքակազմով, որի շնորհիվ օգտահաշիվ ստացած քաղաքական ուժը գրանցվելուց հետո կարող է առցանց ներկայացնել նաև նախընտրական ծրագիրը, կուսակցության, դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագիրը, թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Այս գործիքակազմի ներդրումից հետո ստացված տեղեկությունն ինքնաշխատ կերպով՝ ստացմանը զուգահեռ հրապարակվում է հանձնաժողովի կայքում։
2023 թվականին ներդրվեց նոր համակարգը, որը վերաբերվում է արտաքին գովազդային վահանակներին։ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակները տիրապետող կազմակերպությունները եթե ցանկանում են իրենց վահանակները տրամադրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին, ապա ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, նրանք ԿԸՀ են ներկայացնում տեղեկատվություն՝ տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ: Նախկինում վահանակների տվյալները ներկայացվում էին պարզ թղթային տարբերակով։ Նոր համակարգը ներդնելուց հետո վահանակ տիրապետող կազմակերպությունները ստանում են օգտահաշիվ և իրենց տվյալները մուտքագրում են օնլայն։
Ի դեպ, համակարգը մշակված է այնպես, որ այն կարող է նաև հանդիսանալ գովազդատու կազմակերպությունների համար իրենց տնօրինության տակ գտնվող վահանակների էլեկտրոնային գրանցամատյան։ Մեկ անգամ օգտահաշիվ ստանալուց և իր տիրապետման տակ եղած վահանակների տվյալները մուտքագրելուց հետո, հաջորդ ընտրություններից առաջ համապատասխան ընկերությանը մնում է ստուգել և եթե եղել են փոփոխություններ, ապա թարմացնել իր տվյալները։
2023թ. սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել մեկ միջազգային կազմակերպություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ) 14 դիտորդով և մեկ օտարերկրյա հասարակական կազմակերպություն՝ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը»՝ 10 դիտորդով։
Այցելուի կարգավիճակով հավատարմագրվել, տեղամասային ընտրական հանձնաժողովներ են այցելել, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին են հետևել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 37 և օտարերկրյա ընտրական մարմինների 43 ներկայացուցիչներ։
2023 թվականին ԿԸՀ-ն նախաձեռնել է երկու միջազգային կառույցների անդամակցության գործընթաց: ԿԸՀ-ն անցած տարի ստացել է «Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB)» ժամանակավոր անդամի կարգավիճակ։ Ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակի հարցը քննարկվելու է այս տարվա աշնանը։ A-WEB-ը ժողովրդավարության և ընտրությունների վարչարությանը օժանդակող նշանավոր միջազգային կառույց է, որին անդամակցում են աշխարհի 111 երկրի 121 ընտրական մարմիններ:
2023 թվականին ԿԸՀ-ն անդամակցել է «Կանայք ընտրական վարչարարության մեջ» միջազգային ասոցիացիային, որի նպատակն է ընտրական վարչարարության բոլոր մակարդակներում խթանել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը։
Հայաստանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի հունիսի 12-ին ԿԸՀ է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ գրանցելու վերաբերյալ որոշում՝ ստորագրված 66 քաղաքացու կողմից։ ԿԸՀ-ն ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը և 2023 թվականի հունիսի 20-ին գրանցել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին։ Ստորագրությունների հավաքման համար 60-օրյա ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 19-ը ներառյալ։
Նախաձեռնող խմբի գրանցումից հետո ԿԸՀ համացանցային կայքում տեղադրվել է տեղեկատվություն՝ նախաձեռնող խմբի, նրա լիազոր ներկայացուցչի, նախաձեռնող խմբի էլեկտրոնային հասցեի վերաբերյալ, նախաձեռնող խմբի կողմից առաջարկվող օրենքի նախագիծը և տեղում ստորագրությունների հավաքումը կազմակերպելու ձևաթերթիկի էլեկտրոնային տարբերակը՝ ներբեռնման հնարավորությամբ։
ԿԸՀ կայքում տեղադրվել է առցանց՝ էլեկտրոնային եղանակով նախաձեռնությանը միանալու ձևաթերթիկի ստորագրման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների էլեկտրոնային նույնականացման համակարգը։ Համակարգի միջոցով նախաձեռնությանը քաղաքացին կարող էր միանալ մեկ անգամ։
Նախաձեռնող խմբի կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին ԿԸՀ են ներկայացվել ստորագրահավաքի արդյունքում հավաքված ստորագրությունները։
Ստորագրությունների վավերականության ստուգման գործընթացը կազմակերպելու նպատակով մեր մասնագետների կողմից մշակվեց և ներդրվեց նոր համակարգ։ Ըստ այդմ, ստորագրահավաքի թերթիկների վրա լրացված քաղաքացիների տվյալները համակարգչում մուտքագրվելուց հետո համեմատվում էին այդ ժամանակահատվածում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների տվյալների հետ, որը տրամադրել էր ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Ի դեպ, այս գործընթացն իրականացվում էր Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների կազմակերպմանը զուգահեռ։
Ստուգման համար մուտքագրվել են 57 067 անձանց տվյալներ, որոնցից միանշանակ նույնականացվել են 49 796-ը։ Էլեկտրոնային եղանակով ստորագրահավաքին միացած 810 քաղաքացիների տվյալներից վավեր է ճանաչվել 804-ի ստորագրությունը։
Արդյունքում համակարգն արձանագրել է, որ տեղում կազմակերպված ստորագրահավաքներին և էլեկտրոնային եղանակով ստորագրահավաքին միացած քաղաքացիների վավեր ստորագրությունների թիվը կազմում է 50 600։ Ինչի հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 66-Ա որոշմամբ ԿԸՀ-ն հաստատել է նախաձեռնող խմբի՝ Ազգային ժողովին օրենքի նախագիծ ներկայացնելու համար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով