«2018թ քիչ մարդ կար, որ հասկանում էր, որ մտնում ենք դժնդակ ժամանակներ, բոլորը հիպնոսի տակ էին: Իսկ եկեղեցին ունի ինստիտուցիոնալ հիշողություն, խորքային հիշողություն, եւ ցանկացած հայ պետք է իր մեջ վերաարժեւորի իր պատկանելությունը Հայ Առաքելական եկեղեցուն… Հային հայ է պահում Հայ Առաքելական եկեղեցին »,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ խոսելով ներկա իրավիճակում եկեղեցու դերակատարության ու Տավուշի ժողովրդի կողքին լինելու մասին:
Նրա խոսքով. « Հիմա, երբ դանակը հասել է ոսկորին, եւ Աստված չանի՝ մենք կորցնենք մեր պետությունը, էլի Հայ Առաքելական եկեղեցին է պահելու իր առաքելությունը… Ու որպեսզի այս ուղով չանցնենք, յուրաքանչյուր հայ պետք է կանգնի Հայ Առաքելական եկեղեցու կողքին եւ մեջքին: Երբ Արշակ սրբազանը Ծիծեռնակաբերդում ասաց, որ դուք արժանանալու եք նզովքի, ինքը արտաբերեց ոչ թե այն, որ եկեղեցին է ասում, այլ այն, ինչը կենցաղի մեջ արդեն արմատացած է, որովհետեւ յուրաքանչյուր հայ մարդ իր օրը սկսում է նզովքով, ինչը հասարակության մեջ արդեն նստած էր: Նա ուղղակի ձեւակերպեց դա: Ես ամեն օր արթնանում եմ ու նզովում եմ այն մարդկանց, որոնք վնասել են ինձ եւ մեր երկիրը: Իրենք նզովքի արժանի են, ինչը հաստատեց եկեղեցին եւ կոչ արեց, որ իրենք կարմիր գծերը վաղուց հատել են ու մեզ տանում են կործանման»:
Ռեժիսորի ձեւակերպմամբ. «Այժմ եւս պատմությունը կրկնվում է, բոլորն իմացել են, որ Հուդան ստախոս է, իրեն չէին հավատում, բայց լսում էին, որովհետեւ ինքը գեղեցիկ էր ստում, բայց աշխարհը հենված է ճշմարտության վրա… Հիմա էլ նույնն է: Եվ այժմ պայքարի դրոշը վերցրել է Հայ Առաքելական եկեղեցին»:
Հովհաննես Գալստյանը կոչ արեց ժողովրդի կողմից ընդունելի արվեստագետներին շրջել Երեւանով մեկ խոսել մարդկանց հետ ու ասել ճշմարտությունը. «Եկեք միավորվենք, որ չկորցնենք մեր ազգային ինքնությունը, որը հարվածի տակ է, իսկ փրկությունն ամենաանսպասելի տեղերից է գալիս»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ