Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի կանգնե՛ք, այլապես ազգովի փախստական կդառնանք»․ բողոքի ցույց՝ Գյումրու տարբեր թաղերում, բուհերի դիմաց

Մայիս 02,2024 16:03

Գյումրիում իրազեկման ցույցեր էին անցկացնում «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։

Նրանք բնակիչներին հորդորում էին անտարբեր չմնալ երկրում տիրող օրհասական վիճակին, դեմ արտահատվել միակողմանի զիջումներին, ոտքի կանգնել հայրենիքի պաշտպանության համար։

Բանախոսները նախազգուշացնում էին, որ Տավուշում տեղի ունեցածը վերաբերում է ցանկացած հայի, քանի որ սպառնալիքի տակ են հայտնվելու մյուս մարզերն ու Երևանը։

«Միակողմանի զիջումներով ողջ Հայաստանը կընկնի Արցախի օրը», -հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

«Թասիբով այն գյումրեցին է, որ տեր է կանգնում հայրենիքի ցանկացած հատվածին։ Չեզոքությունը, անտարբերությունը կարող է հանցակցություն դառնալ»,-շարունակեց նա։

«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչները իրազեկման ցույց անցկացրեցին Գյումրու տարբեր հատվածներում՝ նախ եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, այնուհետ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի շենքի դիմաց՝ ուսանողներին կոչ անելով ոտքի կանգնել։

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց․ «Այն, ինչ տեղի է ունենում Տավուշի մարզում, ընդամենը 4 գյուղի խնդիր չէ, որը ուզում են ներկայացնել մեզ։ Դա վերաբերում է ամբողջ Հայաստանին։ Կիրանցում դպրոցի կողքով նախատեսվող սահմանագիծ կոչվածը լրջագույն սպառնալիք է լինելու կիրանցի բնակիչներին, բայց դա սպառնալիք է դառնալու նաև ամբողջ Տավուշի մարզի և ի վերջո՝ ողջ Հայաստանի համար։

Սիրելի՛ ուսանողներ, անտարբեր մի մնացեք այն գործընթացներին, որը տեղի է ունենում Տավուշի մարզում, դուք յուրաքանչյուրդ անելիք ունեք, մի մտածեք, որ եթե Տավուշում զիջումներ արվեն, ապա խաղաղ ենք ապրելու, ինչպես որ խաբում են իշխանությունները։

Տավուշում զիջումները բերելու են նոր զիջումների, հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերը, և ի վերջո՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը դառնալու են թիրախի առարկա թշնամիների համար։

Սիրելի՛ գյումրեցիներ, ո՛չ մի քաղաքական ուժ, ո՛չ մի շարժում առանձին վերցրած չի կարող տեր կանգնել մեր հայրենիքին, մենք մեր քայլն անում ենք՝ ձեզ կոչ անելով ակտիվանալ»։

Նա նախազգուշացրեց, որ եթե Տավուշում փակվի Հայաստան-Վրաստան ճանապարհի հյուսիսային հատվածը, նույնը տեղի է ունենալու Տիգրանաշենում և վտանգի տակ է հայտնվելու Հայաստան-Իրան ճանապարհը, իսկ հետո գալու է Սյունիքի, Վայոց Ձորի հերթը։

«Իշխանությունները ձեզ խաբում են՝ ասելով, որ եթե միակողմանի զիջումների գնանք, Ալիևը ձեզ խաղաղություն կպարգևի, դա սուտ է»։

Նա ուսանողներին հորդորում էր սոցիալական ցանցերում գրել, որ դեմ են Տավուշում միակողմանի զիջումներին, որպեսզի դառնա հանրային կարծիքի դրսևորման հարթակ։

Անդրանիկ Թևանյանը նաև ասաց, որ կիրանցիներին զրկում են իրենց տներից՝ մեր պետության ներսում նրանց դարձնելով ներքին փախստականներ։

Նա կոչ արեց դասախոսներին դասերը սկսել ամենակարևոր դասախոսությամբ՝ այն է՝ պետության ու պետականության մասին, ասել ուսանողներին, որ դեմ են Տավուշում միակողմանի զիջումներին, դեմ են Հայաստանը Արցախի օրը գցելուն։

«Մենք բոլորս ազգովի փախստական կդառնանք և կլքենք մեր երկիրը, եթե այս իշխանությունը շարունակվի և մեզ հերթով զրկեն մեր բնակավայրերից։

Հարգելի՛ հայրենակիցներ, խմբերով տեսակետ հայտնեք Տավուշի վերաբերյալ», -հորդորեց Անդրանիկ Թևանյանը։

«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչները եղան նաև Գյումրու Անի թաղամասում։

Այստեղ ևս քայլերթով, բարձրախոսով բնակիչներին հորդորեցին ինքնակազմակերպվել և թույլ չտալ Հայաստանի կապիտուլյացիան։ Նաև հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը մենակ է թողել Հայաստանին ու սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031