Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ ո՞վ, եթե ոչ Վահագն Հովակիմյանը պետք է համաձայներ դառնալ ՆՓ-ի ձեռքի հերթական գործիքը»․ Արմենուհի Կյուրեղյան

Մայիս 02,2024 15:47

ԱԺ նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագն Հովակիմյանի ընտրությունն առաջացրել է բազմաթիվ իրավական հարցադրումներ։

«Ընտրությունից ընդամենն օրեր առաջ Վահագն Հովակիմյանը հայտարարեց ՔՊ կուսակցությունից դուրս գալու եւ ընտրվելուց հետո պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Քաղաքական չեզոքության մասին հայտարարություններ ու խոստումներ տվեց։ Այդ ինչպե՞ս անձը, որն ընդամենը օրեր առաջ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ էր, վարչության անդամ, կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր, զբաղվում էր ակտիվ քաղաքական գործունեությամբ, հանկարծ կարող էր դառնալ անկախ պետական մարմնի նախագահ եւ ապահովել ԿԸՀ հանձնաժողովի անկախությունն ու քաղաքական չեզոքությունը։

Կա երկու տարբերակ՝ կամ նա է ձեզ խաբել՝ ներկայանալով որպես ձեր կուսակցության նվիրյալ, կամ դուք, նրան ընտրելով, նորից խաբեցիք հանրությանը՝ հայտարարելով, թե ժողովրդավարությունը ձեզ համար բարձրագույն արժեք է։

Էլ ո՞ւմ, եթե ոչ Վահագն Հովակիմյանին ԿԸՀ պաշտոնում պետք է առաջադրեր Նիկոլ Փաշինյանը։ Էլ ո՞վ, եթե ոչ Վահագն Հովակիմյանը պետք է համաձայներ դառնալ իր բռնապետական ծրագրերի իրականացման համար ՆՓ-ի ձեռքի հերթական գործիքը։ ՆՓ-ն շատ լավ հասկանում է, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար ի վերջո պետք է իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգներ։ Հենց այս պահանջի իրականացման համար էլ ՆՓ-ին պետք էր ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու-հնազանդ կատարող։ Եվ նա կատարել է իր համար ամենահարմար ու ամենահնարավոր ընտրությունը՝ Վահագն Հովակիմյան։

ՆՓ-ի որոշումը հասկանալի է՝ դա իրեն պետք էր, իսկ դուք, ՔՊ խմբակցության պատգամավորներ, ինչպե՞ս համարեցիք նրան ընտրված, չէ՞ որ ԿԸՀ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 65 ձայն։ Եվ այդ քանակն ապահովեց հենց ինքը՝ Վահագն Հովակիմյան պատգամավորը՝ իր ձայնը տալով անկախ թեկնածու Վահագն Հովակիմյանին։ Եթե ինքը չքվեարկեր, ապա ինքը չէր ընտրվի։ Եվ այս ամենից հետո դուք պնդում եք, որ այս անձը կարող է լինել անաչա՞ռ, թույլ չի՞ տալու որեւէ ընտրական գործընթացում տեղի ունենա շահերի բախում, իսկապե՞ս»,- ասաց Կյուրեղյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Վահագն Հովակիմյանը հեղինակել է մի օրենք, որով ընտրությունների արդյունքներն արհամարհվում են, եւ համայնքի ղեկավարը նշանակվում է, ոչ թե ընտրվում, եւ, իհարկե, վարչապետի ճաշակով ու նախասիրությամբ։ «Հովակիմյանի նախաձեռնած փոփոխությամբ եւ Էդմոն Մարուքյանի ձեռամբ Վանաձոր քաղաքն արդեն 2,5 տարի է՝ համայնքի ղեկավար չունի։ Մամիկոն Ասլանյանը գտնվում է կալանքի տակ, եւ, իհարկե, հենց Փաշինյանի հրահանգով իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ եք փորձում հավատացնել, թե դուք ժողովրդավարություն կառուցողներ եք՝ երեւանցիներին, վանաձորցիներին, թե՞ ալավերդցիներին, թե՞ Սիսիանի, Բերդի ու Վարդենիսի բնակիչներին։ Ախր ձեր ոչ մի խոստում չեք կատարել, բոլոր հարցերում խաբել եք եւ հիմա էլ անցել եք այդ բնակիչների տները թշնամուն հանձնելուն ու դա ներկայացնում որպես այդ բնակիչների հանդեպ մտահոգությո՞ւն։ Ոնց որ արցախցու տունը հանձնեցիք թշնամուն եւ հիմա 50+10 հազարով տրամադրում եք «լուրջ» աջակցություն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031