Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախով են լցված, քանի որ իրենց գործերը խավարի մեջ են, այս մարդկանց էլ խավարի հանցակից են դարձրել»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին հրահանգ տալու մասին

Մայիս 02,2024 15:35

«Ճանապարհ տվեք, ի՞նչ եք վախենում»,- դիմելով ոստիկաններին, որոնք թույլ չէին տալիս, որ գնա, միանա Կիրանցի բնակիչներին, այսպես ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դեպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամավորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թույլ չէին տալիս գալ գյուղ։ Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին։

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ վախերի մեջ է ապրում ոստիկանությունը․ «Չգիտեմ՝ ինչ հրահանգ է իջել իրենց, նույնը փոխոստիկանապետի ոչ համարժեք վարքը։ Մենք փողոցում նստած, կանգնած սպասում էինք, մեքենայից իջել, բղավում էին, հարձակվում էին ինձ վրա, արգելում էին, որ գնանք, ժողովրդին հանդիպենք։ Ժողովուրդն է որոշել իջնել գյուղից, գալ, հանդիպել․ խորքում ոչինչ չկա։ էնքան են վախով լցված, քանի որ իրենց գործերը խավարի մեջ են, այս մարդկանց էլ խավարի հանցակից են դարձրել․ ոչ սեր կա, ոչ լույս․ միայն խավար ու լույս»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ հիմա իր կողքին կանգնած են 5-6 հոգի, մինչդեռ ոստիկանների թիվը տասնյակ է։ Նա ասաց, որ ժողովուրդն ինքն էր որոշել իջնել, հանդիպել․ «Առավոտյան տագնապի են ենթարկել մեծ ու փոքրի, տեսանյութերն էլ կան, երբ հիմա փորձում ենք պարզապես այցելել նրանց, արգելեցին։ Մինչդեռ փոխոստիկանապետը մեքենայից իջել ու հարձակվել է մեզ վրա՝ բղավելով, թե մենք սադրում ու հրահրում ենք, մինչդեռ ինքն է սադրում ու հրահրում։ Թե ոնց է հասել փոխոստիկանապետ, այսքան ոչ պրոֆեսիոնալ։ Չնայած մեկը, որ հասել է վարչապետ, փոխոստիկանապետ կլինի ու կլինի։ Այդքան անադեկվատ մարդիկ, թե ես ի՞նչ պիտի անեմ այդ ժողովրդին դատարկ ձեռքերով։ Ինչ պայման ասել են, ասել եմ՝ այո։ Մարդիկ առավոտյան ծեծ են կերել, ուզել եմ մի պահ տեսնեմ, քաջալերեմ, թույլ չեն տալիս»։

Բագրատ Սրբազանը ցավով նշեց, որ մենք ապրում ենք գերության մեջ՝ մեր սեփական երկրում․ «Մարդն ասում է՝ պիտի ազատագրվենք, մինչդեռ ռուսներին ինքը բերել, դրել է մեր գլխին ու ջանին, ինքն էլ որոշել է ռուսներից ազատագրվել։ Դու քո ձեռքով ես բերել, դրել։ Սա անհասկանալի է, ու մեզ էլ համարում է գործակալ։ Տեռոր, ահաբեկություն սեփական ժողովրդի նկատմամբ․ սա է տեղի ունեցողը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031