Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի, քանի չի հանձնել», «Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին». ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամների իրազեկման ցույցը

Մայիս 02,2024 14:50

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամներն այսօր Երեւանում իրազեկման ցույց են իրականացրել՝ «Ոտքի, քանի չի հանձնել», «Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին» կոչերով եւ պաստառներով՝ ահազանգելով, որ եթե այսօր անտարբերության մատնվի այն, ինչ կատարվում է Տավուշի մարզում, Կիրանցում, ապա վաղը նույն խնդիրների հետ բախվելու ենք Երեւանում։

Ցուցարարներին է միացել պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Ապօրինի սահմանազատումը սպառնում է ՀՀ ողջ ինքնիշխան տարածքին։ Մի եղեք անտարբեր, ոտքի կանգնեք, քանի չի հանձնել Գեղարքունիքը, Սյունիքը, Երեւանը։ Լոռու մարզը դառնալու է սահմանապահ։ Դավաճանությունը կանխելու համար մենք պարտավոր ենք համախմբվել եւ մեր դիրքորոշումն արտահայտել։ Լռությունը նույնպես դավաճանություն է։ Անտարբեր մի եղեք այս ապօրինի գործընթացների նկատմամբ»,- հայտարարում էին ցուցարարները։

Փողոցներում քաղաքացիներն իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարների հետ, նաեւ՝ ավտոմեքենաներից ազդանշաններով։ Իսկ Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները ինքնաբուխ սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։

Ցույցի մասնակիցները նաեւ խորհրդանշական լուռ ակցիա իրականացրեցին ԵՊՀ-ում։ «Ախորժակն ուտելիս է բացվում», «Ոտքի, քանի ուշ չէ» եւ համանման պաստառներով նրանք մի քանի րոպե շրջեցին համալսարանում՝ նաեւ թռուցիկներ թողնելով լսարաններում, միջանցքների նստարանների վրա։

Ցուցարարների մյուս խումբն այդ ընթացքում մի քանի րոպեով փակել էին Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031