44-օրյա պատերազմի ու դրանից հետո սահմանային այլ սրացումների մասնակից Իշխան Գեւորգյանը, որը հաշտ չէ կառավարության պլանավորած քայլերի հետ, համարում է, որ պետության հողերը թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է, գիտակցում է հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը եւ պատրաստ է զինվորագրվել ցանկացած պահի, երեկվանից կառավարության շենքի առջեւ 72-ժամյա նստացույց է անում։
Մեկնաբանելով այսօր վաղ առավոտյան բերետավորների կողմից Կիրանց գյուղի երիտասարդների բռնության ենթարկելու գործողությունները, Իշխան Գեւորգյանն ասաց. «Ոստիկանները կրակն են ընկած։ Կադրերում, որքան հասցրեցի նայել, նրանք գլուխները կախած են այդ գործն անում։ Այդ բախումը իրենց հոգում էլ կա։ Մի կողմից՝ հրամանների ճնշումն է, որ պաշտոնի խնդիրներ կունենան, մյուս կողմից՝ իրենք հասկանում են, որ հաշտ են սահմանադրության տապալման հետ, բայց հաշտ չեն, ասենք, ցուցարար Իշխանի կամ ցուցարար կիրանցու հետ։ Իրենց մոտ կռիվ է։ Չեն հասկանում՝ ինչ են անում։
Լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Երբ ոստիկանը չի հասկանում ինչ անի, երբ զինվորը չի հասկանում կարո՞ղ է կրակել թշնամու վրա, թե՞ պիտի գա ու հետը ձեռնամարտի բռնվի, ինչը բազում անգամներ եղել է, լուրջ ճաքեր է տալիս։ Այսօրվա խնդիրը ոչ թե որոշ քանակի հայրենիքի խնդիր է, այլ մեխանիզմը փոխելու, որը բոլորի տներն է մտնելու։ Մեր փոխհարաբերվելու կանոնը փոխվելու է, դառնալու է շատ չառողջ։ Մարդիկ չեն իմանալու իրենց քայլերի հերթականությունը։ Հիմա էլ երկու ոստիկան նստած իրար մեջ զրուցում են, թե ով են իրենք»,-ասաց Իշխան Գեւորգյանը։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ կարող են ծառ տնկելով կամ պատ քաշելով խուսափել, որ Կիրանցի դպրոցականները ադրբեջանցու տեսնեն՝ պատասխանեց. «Քանի որ աննախադեպ պղծությունները մարսվում, անցնում են, այդ թվում սահմանադրական կարգի տապալումը, կարելի է նաեւ այդպիսի բաներ էլ ասել։ Կարող էր նաեւ ասել. խեղճ կնայենք, չեն կրակի մեր վրա։ Ես նրա ասածին ի՞նչ գնահատական տամ։ Մի բան կա։ Դա կոչվում է մարդկանց վրա «կայֆավատ» լինել։
Այնտեղ մեր պես մարդիկ են ապրում։ Եթե իրենց տունը, դպրոցը ենթակա է այդ վիճակին բերելու, եթե մենք հաշտ ենք մի հայի կործանվելու հետ, ապա արդար է, որ մեր հերթն էլ գա։ Եվ եթե լռենք, մարսելու ենք հայի տան կորուստը, ստանանք մեր տան կորուստը»։
Իշխան Գեւորգյանը բացատրեց, թե ինչու է ընտրել 72 ժամ նստացույցը։
«Դա իշխանությունների լավագույն սցենարն է։ Այսինքն, երբ այն մարդկանց չեն կարողանում պիղծ բաներով պիտակավորել, պարզապես 72 ժամով փակում են։ Իմ այս նստացույցը նաեւ ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների է»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ