Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիեւի, հանուն Ադրբեջանի օպերացիա. Զոհրաբյան

Մայիս 02,2024 14:17

«Ես քիչ առաջ զրուցում էի տավուշցիների հետ, կատաստրոֆա իրավիճակ է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ողորմելի են, Կիրանցը մոտ 400 բնակիչ ունի, մի քանի հազար ոստիկան են տարել, հենց այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիեւի, հանուն Ադրբեջանի օպերացիա»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում. «Ինչպես երկու օր առաջ Ալիեւի օգնականն ասաց՝ մի քանի օր ենք տվել ՀՀ իշխանությանը ժողովրդին հանգստացնելու համար, որ կարողանանք գալ, տեղակայվենք ու մեր զինուժը կանգնի այդտեղ: Գիշերվանից սկսվել է հանուն թուրքի օպերացիան, բռնում, տանում են անչափահասների, որոնք մի բան են ասում՝ թուրքին հող չես հանձնելու: Նույնիսկ թույլ չեն տվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որոնք Իջեւան են իջել բերման ենթարկվածների խնդիրներով զբաղվելու, վերադառնալ: Սրբազանի մեքենան կանգնեցրել են, մի հատ տեսեք էս սատանիստների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, ասել են՝ իջի եւ ոտքով գնա: Սրբազանի աջակիցները ոտքով Իջեւանից գնում են Կիրանց, այնտեղ իրավիճակը սարսափելի լարված է:

Սիրելի հայրենակիցներ, սա միայն Տավուշի գործը չէ, սա մեր բոլորիս սրբազան պայքարն է, որովհետեւ նույն Ալիեւը օրեր առաջ հայտարարեց, որ Վարդենիսի 10-ից ավելի գյուղեր եւս մերն են: Իսկ երկու օր առաջ Բաքվում տեղի ունեցած միջմշակութային երկխոսության համաժողովում Ալիեւը հայտարարեց, որ հենց հիմա ՀՀ հետ ընթացող բանակցությունները ընթանում են Ադրբեջանի կազմած փաստաթղթի հիման վրա: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում, այսինքն՝ Ադրբեջանը կարո՞ղ է այնպիսի փաստաթուղթ կազմել, որ գոնե մի հայանպաստ կետ լինե՞ր»:

Անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ տիկին Զոհրաբյանը շարունակեց. «Երկու զարհուրելի հայտարարություն արեց, պաշտոնապես ընդունեց, որ ՀՀ պետականությունը վտանգի տակ է, ասաց՝ եթե ՀՀ պետականությունը կարողանանք պահել, ուրեմն առաջիկա տարիներին Հայաստան կմնա, սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ կոչնակ, անոնս, ազդարարում, որ ՀՀ պետականությունն ավարտվում է ու վտանգի տակ է:

Իսկ երբ լրագրողը հարցրեց, եթե թուրքը գա, կանգնի Կիրանցի եկեղեցու ու դպրոցի պատի մոտ, Փաշինյանի պատասխանից նույնիսկ իշխանական լրագրողի աչքերը կլորացան, ասաց, եթե երեխաները չեն ուզում թուրքին ամեն օր տեսնեն, ես դրա լուծումն առաջարկել եմ՝ եկեք կամ պատ շարեք, կամ ծառ տնկեք: Դուք հասկանո՞ւմ եք էս արմագեդոնի, կատաստրոֆայի չափերը: Ասում է՝ ինչ անեմ, տալու եմ, թուրքին չեք ուզում տեսնեք, ընկույզի ծառ տնկեք, չափառ դրեք կամ պատ կանգնեցրեք»:

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի դատական գործին, տիկին Զոհրաբյանն ասաց. «Դատական ֆարս է ընթանում, խայտառակ ֆարս է, 11 ամիս է՝ Արմեն Աշոտյանը կալանավորված է, ոչնչի համար, ըստ էության մեղադրանքը փլված է, մեղադրանք չկա, տուժող կողմ գոյություն չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031