Տավուշի մարզի Կիրանց գյուղը շրջափակման մեջ է․ այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ես անտառներով եմ եկել։ Գյուղն այս պահին բլոկադայի մեջ է։ Միայն այս կողմից չէ, Նոյեմբերյանից էլ, Բաղանիսից էլ է ճանապարհը փակ։ Մի երեք ժամ առաջ այնտեղի ժողովուրդը զանգեցին ինձ՝ ասեցին էնտեղի ճանապարհն էլ է փակ»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դեպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամավորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թույլ չէին տալիս գալ գյուղ։ Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին։
«Մի հոգուն 15 հոգով տանում էին ու ասում՝ մեր դե՞մ էիք հելել, դե ստացեք։ Հիշում էին նախորդ դետքը։ Սեւ բերետավորներն էին»,- առավոտյան կատարվածի մասին պատմեց բերման ենթարկվածներից մեկը։ Նրանք արդեն ազատ են արձակվել։
Կարդացեք նաև
Կիրանցում իրավիճակը շատ լարված է, մարդիկ բորբոքված են։ Կրքերը ժամանակ առ ժամանակ բորբոքվում են, հայհոյանքներ են հնչում իշխանավորների, հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Իսկ ոստիկաններին հորդորներ են ուղղում՝ հասկանալ իրավիճակը եւ հաշիվ տալ սեփական գործողությունների համար։ Կիրանցում սպասում են Հայաստանի մյուս բնակավայրերից արձագանքի, ժողովրդի միասնական փողոց դուրս գալուն, այլապես իրավիճակից ելքը բարդ են պատկերացնում։ Տեղացիները փորձում են իրենց հետագա անելիքները հստակեցնել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը` Ազգային ճակատի։