2 մայիսի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը: Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երևանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար։
Կարևորելով այս համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շեշտեց, որ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտներին աջակցելն իրենց համար առաջնահերթություն է:
Կարդացեք նաև
«Team-ն ու Թումոն ունեն նույն առաքելությունը, բայց տարբեր ոլորտներում Մեր դեպքում՝ Հայաստանի բոլոր բնակիչներին որակյալ ու գերարագ ինտերնետի, իսկ Թումոյի դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության ապահովումն է Միավորելով մեր ուժերը՝ նպաստելու ենք Հայաստանի բոլոր մարզերի պատանիների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև համայնքների ակտիվացմանը»:
Այս պահին Team-ի գերարագ ինտերնետով են ապահովվում 10 Թումո տեղանքներ՝ կենտրոններ ու տուփեր: Ինտերնետի տրամադրման գործընթացը լինելու է շարունակական՝ ընդգրկելով Թումո Հայաստան նախագծի շրջանակում բացվող բոլոր Թումո կենտրոններն ու տուփերը:
«Մասնավոր սեկտորի ներգրավվածությունը կրթության զարգացման գործում նույնքան կարևոր է, որքան ինտերնետը՝ 21-րդ դարի կրթության կազմակերպման համար: Համոզված եմ, որ այս և նման համագործակցությունների շնորհիվ մեկ օր առաջ կկարողանանք ապագայի հմտությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր պատանիներին», – նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր նպատակը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոնից և 110 տուփից բաղկացած ցանց կառուցել՝ ապահովելով յուրաքանչյուր շաբաթ 80,000 պատանիների կրթական առօրյան ծրագրի շրջանակում:
Բացի այդ, հուշագիրը համագործակցություն է սահմանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետները կիրականացնեն կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ–ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ Թումոյի կրթական փորձառության շրջանակներում ուսանողները՝ ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների վրա հիմնված հատուկ կրթական համակարգի միջոցով հմտանում են տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում՝ ծրագրավորումից, ռոբոտաշինությունից և խաղերի ստեղծումից մինչև ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն: Ծրագրին կարող է միանալ 12-18 տարեկան ցանկացած երիտասարդ։
2011-ին ստեղծումից ի վեր Հայաստանում հիմնվել են շուրջ 35 Թումո կենտրոններ և տուփեր, ուր հաճախում են ավելի քան 25,000 պատանիներ։ Ծրագիրը ընդլայնվել է արտերկրում. Թումո կենտրոններ են գործում Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, մոտ ապագայում սպասվում է Նիդերլանդներում և ԱՄՆ-ում կենտրոնների բացումը։