Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային համակարգը պետք է համապատասխանեցնել մի քանի գործոնի՝ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորում է պետք»․ Փաշինյան

Մայիս 02,2024 13:30

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացնել։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու կատարելու մասին» որոշման եւ հարակից օրինագծերի փաթեթի նախագիծն, ասաց՝ այս փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, ինչպիսիք են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգում ձեւավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը:

«Ընդհանուր համակարգ ասելով՝ մենք նկատի ունենք ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Հաջորդը՝ շրջանառության հարկ վճարողների ձեռբքերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձեւավորումը, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդումը, գործունեության որոշ տեսակների դուրսբերումը միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից, դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական»,-ասաց Հովհաննիսյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ ուսումնասիրություններով պարզվել է, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի։

Ըստ նախարարի՝ համեմատվել են երկու համակարգերերի հարկային բեռը, պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է, այն գերազանցում է 2-3 անգամ․ «Այս նախագծերով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ կրճատել հարկման համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափերը, հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաեւ արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում: Հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափն է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ հարկ վճարելը ոչ թե սեփական փողն ուրիշին տալն է, այլ սեփական վաստակածը մի գրպանից մյուսը տեղափոխելն է ․«Այդ գումարները վճարվում են մի ընդհանուր կաթսայի մեջ, որպեսզի հանրային ծառայություններ մատուցեն»։

Նա նաեւ ասաց, որ քաղաքացիներն այսօր բավարար վստահություն չունեն, որ իրենց վճարած հարկերը, ամեն լուման բավարար արդյունավետությամբ վերադառնում է իրենց․ «Պետք է խոստովանենք, որ քաղաքացիների այս զգացողությունն ունենալու համար մենք դեռեւս պատշաճ ինստիտուցիոնալ պետություն չենք։ Պետք է նաեւ խոստովանենք, որ այն հարկային համակարգը, որ այսօր ունենք, պատշաճ ինստիտուցիոնալ համակարգ չէ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու համար։ Մենք պետք է քայլ առ քայլ փոխենք հարկային համակարգը՝ համապատասխանեցնելով շատ կարեւոր գործոններին՝ առաջինը՝ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը, երկրորդը՝ հարկային համակարգի արդարությունը, որպեսզի մարդը հարկային համակարգը ընկալի որպես լեգիտիմ պահանջ պետության կողմից, երրորդը՝ մեծացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031