Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին

Մայիս 02,2024 13:26

Բոստոն. 2024 թ. մայիսի 2. Նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը, որը հայտնի է ԱՄՆ Պետդեպարտամենտում, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում իր գործունեությամբ, միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին. նախաձեռնություն, որի համահիմնադիրը նրա հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը:

Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում:

Շուրջ 25 տարի հակամարտություններին եւ հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո՝ Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին` ներդնելու իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:

«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին: Նրա նվիրումը խաղաղության եւ արդարության գործին իսկապես ուշագրավ է», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: «Իր երկրին անձնուրաց ծառայելուց հետո այժմ նա իր անգնահատելի փորձն է բերում «Ավրորա»՝ օգնելու նախաձեռնությանն իրագործել իր համարձակ առաքելությունը: Ավելին, նա առանցքային դերակատարում կունենա իր հոր ժառանգությունը պահպանելու եւ առաջ մղելու գործում»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որն ստեղծվել է 2015 թվականին: «Ավրորան» ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Այն օգնության ձեռք է մեկնել արդեն ավելի քան 3.2 միլիոն մարդու: Նախաձեռնության՝ իր բնույթով եզակի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհայտ հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում ամենախոցելի համայնքներում: Առ այսօր «Ավրորան» նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ավրորայի» Տնօրենների խորհրդին։ Այս նախաձեռնությանը միանալն ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «Ավրորան» հորս անչափ հոգեհարազատ էր. կարծես՝ տուն վերադարձած լինեմ»,- ասաց նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը: ««Ավրորան» աջակցում է մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ճնշվածներին, ձայնազուրկներին եւ անպաշտպաններին: Ես երախտապարտ եմ այս ջանքերին միանալու հնարավորության համար»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Այնտեղ կհավաքվեն մարդասիրության ոլորտի առաջնորդները՝ քննարկելու համաշխարհային մարդասիրական ամենահրատապ խնդիրները, ինչպես նաեւ հայտարարելու 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031