Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեի, այդքան կարեւորությո՞ւն ունենք, որ այսքան տղաների գործից կտրել են, բերել են այստեղ»

Մայիս 02,2024 13:22

«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ ճնշման եւ պարտադրանքի տակ արդեն որոշակի բաներ է ասել։ Նրա համար ոչ հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ կա, ոչ էլ սեփական պետություն կա»,- այսօր Կիրանց գյուղ տանող ճանապարհի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունն առավոտյան հատուկ գործողություն իրականացրեց Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում։

Բագրատ սրբազանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից առ այսօր ստում է, քանի որ ոչ նախընտրական արշավում, ոչ կառավարության ծրագրում այսօրինակ սահմանազատման-սահմանագծման մասին խոսք չի եղել ու սա է խնդիրը։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։

Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով էին ճանապարհ ընկել դեպի Կիրանց, քանի որ ոստիկանները մեքենայի մուտքն արգելել էին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց արգելվել է նաեւ այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով․ «Սահմանել են, որ յուրաքանչյուր գյուղ սեփական քաղաքացիությունն ունի։ Ես չգիտեի, այդքան կարեւորությո՞ւն ունենք, որ այսքան տղաների գործից կտրել են, բերել են այստեղ»։

«Այս մարդկանց էլ դարձրել են գործիք»,-ոստիկաններին ցույց տալով ասաց սրբազանը՝ հավելելով․ «Իսկ այ սեւ բերետավորները․․․առավոտյան, տղաներին քաշելով, ծեծելով, ջարդելով, հետեւյալն են ասել՝ «մեր դիմաց ե՞ք կանգնել, դե հիմա կերեք»․ վրեժ են լուծում մարդիկ։ Այ սա է ոստիկանության որակը։ Նրանց ղեկավարին՝ չգիտեմ ով է, հարց էի ուզում տալ՝ փախավ։ Նրանց երեւի ինչ-որ բանալիով լարել են, որոշել են, որ ռոբոտի պես պետք է գործեն»։

Ի դեպ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին։

Կիրանց-Ոսկեպար հատվածում, որտեղ մարդիկ 13 օր փակել էին ճանապարհը՝ բողոքելով իշխանության կողմից իրականացվող սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագրի դեմ, այս պահին մարդաշատ է։ Նաեւ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031