Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանի եւ Տիգրան Հակոբյանի բանավեճը. «Դուք վերածվել եք քաղաքական մեկնաբանի», «Այդ մեղադրանքները, որ ես միշտ հարմարվել եմ, չեմ ընդունում»

Մայիս 02,2024 12:58

ԱԺ նիստում ՀՌՀ 2023-ի գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին․ «Դուք, պարոն Հակոբյան, արհամարհել եք թե Սահմանադրության նորմը, թե օրենքը՝ զբաղվելով ձեր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ։ Տեւական ժամանակ է, որ իշխանությունների մեդիա հարթակի եւ նրա հիմնական քաղաքական խոսափողի վերածված Հ1-ում Պետրոս Ղազարյանի հետ քաղաքական հաղորդում եք վարում՝ անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, իշխանահաճո քաղաքական գնահատականներ հնչեցնելով ընդդիմության, Հայաստանյանց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Մինչդեռ դուք՝ ի պաշտոնե որպես կարգավորող պետական մարմնի նախագահ, քաղաքական չեզոքության եւ բազմակարծության երաշխավորը պետք է լինեիք։ Բայց դուք վերածվել եք քաղաքական մեկնաբանի եւ իշխանական նարատիվների քարոզչագործիքի»։

Իր եզրափակիչ ելույթում Տիգրան Հակոբյանն արձագանքեց Լիլիթ Գալստյանին։ «Սա հին բանավեճ է՝ քաղաքական եւ քարոզչական, որը 1988 թվականից է սկսվել։ Եվ այստեղ մի փոքր տարբերություն կա՝ ես միշտ խոսել եմ գաղափարի հիմքերի մասին, ցավոք, Դաշնակցության շատ ներկայացուցիչներ, դա մանիպուլյացիայի դասական օրինակ է, սկսում են անձնական պիտակավորումներ անել։ Ես պետք է ասեմ, որ ես նույնն եմ, ինչ 35-40 տարի առաջ եմ եղել, միշտ նույն բովանդակությունն եմ տարածել՝ անկախ եղած իշխանություններից: Եվ 1997 թվականին եմ ես գրել, որ Եկեղեցին չպետք է խառնվի միջպետական գործերին։ Եվ այդ մեղադրանքները, որ ես միշտ հարմարվել եմ, չեմ ընդունում»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՌՀ նախագահի կողմից քաղաքական բովանդակության հաղորդում վարելուն, Տիգրան Հակոբյանն ասաց․ «Մենք Պետրոս Ղազարյանի հետ հին գործընկերներ ենք, արդեն 15 տարի, վարել ենք տարբեր հաղորդումներ։ Եվ ես կարծում եմ, նաեւ իրավաբանների հետ ենք խորհրդակցել, որ այնտեղ օրենքի խախտում չկա։ Օրենքը պահանջում է ընդամենը քաղաքական զսպվածություն։ Եվ եթե քաղաքական զսպվածության որեւէ խախտումներ կան, կարող են դիմել էթիկայի հանձնաժողով եւ այլ տեղեր։ Ես փորձում եմ ասել այն, ինչ մտածում եմ, մտածել եմ, որ իմ խոսքը կարող է հասնել հանրության տարբեր օղակներին, ես կարծում եմ՝ որեւէ խախտում չկա»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031