Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց արգելվել է նաեւ այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով

Մայիս 02,2024 12:33

«Գյուղը դատարկվում է։ Ադրբեջանին, որ էսպես պահեիք, էսպես կազմակերպված, որ մեր սահմանը պահեիք, թուրքը ներս չէր մտնի։ Կազմակերպված հանձնում եք, կազմակերպված տալիս եք։ Վաղը գալու են՝ մեզ էլ, ձեզ էլ ձեռք առնեն, ծաղրեն։ Բոլորիդ ծաղրուծանակի ենթարկելով՝ ականները հանում են»,-Կիրանց տանող ճանապարհի մոտ, ոստիկաններին վրդովված դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս Կիրանցի բնակիչներին աջակցողներին, պատգամավորներին, հոգեւորականներին ու լրագրողներին մուտք գործել Կիրանց՝ ասելով, որ հատուկ գործողություն է իրականացվում այնտեղ եւ անվտանգ չէ։ Իսկ Կիրանցի բնակիչների համար անվտա՞նգ է՝ հարցին ոստիկանները պատասխանում են, որ այո, նրանց անվտանգությունն իրենք կապահովեն։

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։

Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկել։ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց արգելվել է նաեւ այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով։

Ի դեպ, Կիրանց մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաեւ Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից։

Կիրանց մուտքն արգելափակողների մեջ է նաև Արմավիրի մարզի Բաղրամյանի ոստիկանապետը

«Ծառ տնկեք, ծառով պարիսպներ են անում, ծառով սահմանազատում է, ուժեղ սահմանազատում է, ծառ տնկեք՝ սաղիդ տները կպահի։ Կեցցեք, ապրեք դուք, հալալ է ձեզ։ Փոխանակ կանգնեք էս ժողովրդի կողքը՝ կանգնել եք, որ ադրբեջանցին մտնի Տավուշ։ Մի փշալար ու երկու հատ ծառ են բաժանելու, «Յաշմա» ջոկատը մտնելու է ու դուք եք պատասխան տալու, որ թուրքին բերեցիք՝ էստեղ նստեցրիք։ Ամեն ինչից հետո ապրել ա։ Դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու՝ ձեր ընտանիքներով»,- ոստիկաններին վրդովված դիմում էր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ արդեն 13 օր։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում։ Բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031