«Այսօր, երբ մենք առնչվում ենք աղքատություն երեւույթի հետ եւ փորձում վեր հանել աղքատության խորքային պատճառները, ի վերջո պարզվում է, որ պատճառը կրթության որեւէ օղակում նրանց չստացած ծառայություններն են։ Աղքատության ուրիշ պատճառ չկա»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելու համար պետական օժանդակություն տրամադրելու հարցի զեկուցման ժամանակ։
Նախագծով առաջարկվում է փոխհատուցել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների ուսման վարձը՝ եթե նրանք ընդունվեն բուհ։
Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցը զեկուցելիս ասաց, որ նախորդ տարի, երբ պարզեցին, որ 1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, ընդ որում՝ բավականին մեծ հանրային ճնշում կար նրանց աշխատել թույլ տալու ժամկետը երկարացնելու, նախարարությունը չգնաց այդ քայլին, այլ փորձեց հավելյալ գործիքակազմ ներդնել, որպեսզի այդ մանկավարժներին աջակցության հնարավորություններ ստեղծվեն․ «Եթե այդ աջակցության մեխանիզմները դրվեին ավելի վաղ, երբ պահանջը ստեղծվել է, մենք հիմա բոլորովին այլ պատկեր կունենայինք»։
Ծրագրի հաստատումից հետո, ինչպես ներկայացրեց նախարարը, եռամսյա ժամկետում դիմում պետք է ներկայացվի վերապատրաստման ծրագրում ներգրավվելու համար կամ բուհում կրթությունը ստանալու համար․ «Առաջին կիսամյակի վարձը փոխանցելու ենք, երկրորդ կիսամյակից սկսած գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ։ Ուշադրություն ենք դարձնելու առաջադիմությանը, որովհետեւ հետո նրանք ուսուցիչ են աշխատելու եւ մենք չենք կարող առանց առաջադիմությունը հաշվի առնելու՝ շարունակել օժանդակել նրանց»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Այս համակարգը նրա համար է, որ օգնենք նրանց եւ մեր աշակերտների առաջ մենք արդար լինենք, որպեսզի երաշխավորենք նրանց պատշաճ կրթությունը։ Իմ համոզմունքն է, եւ փորձն էլ ցույց է տալիս, որ այսօրվա կրթության մակարդակը կանխորոշում է, թե հասուն տարիքում այդ աշակերտը բարեկեցության ինչ մակարդակի վրա է լինելու։ Այսօր, երբ մենք առնչվում ենք աղքատություն երեւույթի հետ եւ փորձում վեր հանել աղքատության խորքային պատճառները, ի վերջո պարզվում է, որ պատճառը կրթության որեւէ օղակում նրանց չստացած ծառայություններն են։ Աղքատության ուրիշ պատճառ չկա։
Խոսքը նրա մասին է, որ այդ աշակերտը 30-40 տարեկանում աղքա՞տ է լինելու, թե՞ ոչ, խոսքն այն մասին չէ, որ հարուստ է լինելու։ Մենք պետք է ապահովենք, որ մարդը կարողանա իր աշխատանքով իր ընտանիքը պահել աղքատության շեմից վերեւ։ Մեր ուսուցիչներն ու աշակերտները, ծնողներն այս բանաձեւով պիտի ընկալեն սա»։
Փաշինյանն ասաց, որ կան ուսուցիչներ, որոնց ամսական աշխատավարձը 25-30 հազար դրամ է․ «Երբ իմացա, զարմացա։ Սա խոսում է անտրամաբանական եւ անազնիվ կոմպրոմիսի մասին։ Ո՞նց կարող է մարդը մի ամիս աշխատի ու ասի՝ հա, շատ նորմալ է։ Ավելի սարսափելի բան կա՝ շատ տեղերում հասկանում ես, որ ուսուցչի աշխատանքը ընկավում է «դե, տնից դուրս գան էլի, էնքան որ տնից դուրս գան» մոտեցմամբ։ Այս դեպքում է, որ մարդը համաձայնվում է 23-30 հազար դրամով աշխատել։ Բա այդ երեխաների ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Եթե այդ վիճակն է, ուրեմն կրթության ոլորտում բաց կա ու հիմա մենք առաջարկում ենք այդ բացը լրացնել։ Սա ճիշտ որոշում է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ