ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն անդրադարձավ Կիրանց գյուղում այսօր ոստիկանության իրականացրած բիրտ գործողություններին։
«Ի՞նչ է տեղի ունեցել, Ռազմական ոստիկանությունը, Պաշտպանության նախարարությունը նախատեսել են եւ անցել աշխատանքների Տավուշի մարզի Կիրանց գյուղին եւ Ղազախի շրջանի Խրեմլու բնակավայրին հարող տարածքներն ականազերծելու համար, որին ընդառաջ՝ ՀՀ ՆԳՆ ուժեղացված ծառայություն է իրականացրել, որպեսզի այս գործողությունն իրականացվի։ Արդյունքում՝ Կիրանց գյուղի գրեթե 30 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այնտեղ եղել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, որոնց հետ կապվել են եւ որոնք հավաստում են, որ ոչ ոք բռնության մասին չի խոսել։ Պարոն Նազարյան, ոչ մի մարդ բռնության չի ենթարկվել, դրա մասին հավաստիացրել են հենց բերման ենթարկվողները»,- ասաց Վահե Ղազարյանը։
Նա նշեց, որ ուզում է անդրադառնալ Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր ու Բաղանիս գյուղերի շուրջ վերջին զարգացումներին։ «Ես այդ մարզի բնակիչ եմ, դրանք իմ ծննդավայրին հարող տարածքներն են, համարում եմ իմ բնակավայրերը։ Եվ խոսքս ուղղում եմ այդ բնակավայրերի իմ համագյուղացիներին, կիրանցիներին։ Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց այդ գյուղացիների դարդը դա չի, որ այդ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն։ Այդ գյուղացիների խնդիրն իրենց վերաբերվող մեկ-երկու տան հարցն է, որին ընդառաջ հանրապետության վարչապետն արդեն չորս անգամ ընդունել է այդ գյուղացիներին ու ասել՝ այո, այդ խնդիրը մեր խնդիրն է, դա պետության խնդիրն է։ Իսկ պետությունը ոնց կարող է լուծել այդ խնդիրը, ցույց կտա առաջիկայում։ Կիրանց գյուղին վերաբերող 11 նշակետից 7-8-ի սահմանազատման աշխատանքները պետք է կատարվեն մոտ օրերս, երեք-չորսը հենց այդ բնակիչների պահանջով սեփականության վկայականների ուսումնասիրության համար հետաձգվել է»,- ասաց նա։
Վահե Ղազարյանը նշեց, որ Կիրանց գյուղի բնակիչներին այստեղից գնացած ոչ մի պատգամավոր չի կարող բացատրել, թե ինչո՞ւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շինարարությունը դադարեցվեց, ինչո՞ւ ճանապարհը մինչեւ 2015 թվականը չորս անգամ փոխվեց։ «Որովհետեւ այդ ժամանակվա իշխանությունից ոչ մի մարդ կիրանցու աչքերին չի կարող նայել ու ասել ճշմարտությունը։ Իսկ այս իշխանությունը եկել է ասելու՝ հարգելի կիրանցիներ, ոսկեպարցիներ, սահմանն էն չի, ինչ մի քանի մարդ ասում են՝ զինվորը որտեղ կանգնած է։ Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ամենակարեւոր արդյունքն էն է լինելու, որ ՀՀ զինված ուժերը պետք է տեղակայվեն ՀՀ սահմանին։ Եվ զինված ուժերում ու բանակում ոչ մի ավելի մեծ բարեփոխում չի կարա լինի, քան այդ սահմանազերծումը, որովհետեւ հայ զինվորը կարող է կռվել միայն այն դեպքում, երբ կանգնած կլինի Կիրանցի հողում, ոչ թե Խրեմլուի»,- հայտարարեց Վահե Ղազարյանը։
Կարդացեք նաև
ՔՊ-ականը հավելեց․ «Հոգեւորականներ կան ակցիայի մասնակից, ասում են՝ ո՞վ կասի՝ Խրեմլուն ավերակ է, Կըզըլ Հաջիլին ավերակ է, նրա ուղեղն է ավերակ։ Ի՞նչը ավերակ չէ, կարո՞ղ է մի մարդ այնտեղ անձրեւից պաշտպանվելու շինություն ցույց տալ, իհարկե, չի կարող։ Սա էն պատերազմը չէ, որ Վազգենը կոչով դիմի, ասի՝ ամեն մարզից 10-15 հոգի է պետք՝ ամեն ինչ փրկելու համար։ Պարոն Օհանյանը 1994 թվականից հետո զինված ուժերում մեծ պաշտոններ ու դիրք ունեցող գեներալ մարդ էր, եթե այդ ժամանակ չեք կարողացել մեր պետության սահմանը գծեք, զատեք, հիմա ումից ի՞նչ եք ուզում։ 2020 թվականի պատերազմը մեր համար «շատ իդեալական» իրավիճակ է ստեղծել՝ շահեկան դիրքերից սահմանազատում-սահմանագծում անելո՞ւ։ Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցին մենակ է մնալու։ Իսկ դրան երկընտրանք չկա, այդ մարդիկ դա տեսել են, չի կարելի գնալ, կիրանցու ցավոտ հարցերի կողոքին կանգնել, սեփական շահն ունենալով, նրանց օգտագործել։ Ձեր քաղաքական ուժը Երեւանի կենտրոնում ակցիա էր անում, վրաններում ես ու ողորմածիկ Մաթոսն էինք, մարդ չկար, հիմա Կիրանցում ակցիա՞ եք անում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ