Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինքներդ պետք է իշխանափոխության մասին մտածեք, Նիկոլ Փաշինյանին ասելով՝ քո պատճառով ենք մենք հայտնվել այս իրավիճակում»․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին

Մայիս 02,2024 11:28

«Այն, ինչ այսօր կատարվել է եւ այսօր կատարվում է սահմաններում՝ հետեւանք է այն զիջողական քաղաքականության, որը սկսվել է Կուբաթլուի տարածաշրջանից, Կապանից, Գորիս-Կապան ճանապարհը հանձնելով, Սեւ լճերում, Իշխանասարում, Ջերմուկում, Գեղարքունիքի հատվածում զիջումների գնալով։ Եվ այսօր դրա շարունակությունը նաեւ արտահայտվում է Տավուշի մարզում»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ իշխանությունները բանավոր ցուցում տվեցին՝ զորքերը հետ քաշելու մասին։ «Բանավոր ցուցում տվեցին, որ 20 կմ հետ պետք է դառնալ՝ չհասկանալով, որ յուրաքանչյուր մետր այսօր հիմք է հանդիսանալու հենց սահմանազատման եւ սահմանագծման օրինական իրականացման շրջանակներում։ Էլ չեմ ասում, որ ուղղակի խաթարվեց Հայաստանի եւ Արցախի միջանցքի տրամաբանությունը, եւ Արցախը, երկար ժամանակ ուղղակի գտնվելով շրջափակման մեջ, ուղղակի ձեր ձեռքերով հանձնվեց։ Որքան էլ դուք այսօր ասեք, որ՝ դուք կապ ունեիք իշխանությունների հետ, անձամբ ես եւ մեզանից ոչ մեկն Արցախի իշխանությունների հետ կապ չեն ունեցել, դուք եք այդ անմիջական կապն ունեցել եւ դուք եք անընդհատ իրենց հետ աշխատել։

Իրավիճակի ողջամիտ գնահատումը պահանջում էր, որպեսզի այս խնդիրներին մենք անդրադառնանք 44-օրյա պատերազմի հետեւանքների լուրջ ուսումնասիրմամբ։ Երեք ու կես տարի է անցել, մենք լուրջ ուսումնասիրություն, պաշտպանական ռազմավարական վերանայում չենք իրականացրել, եւ դրա արդյունքում այսօրվա ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը եւ նաեւ ռազմական դոկտրինը, որը նոր պահանջներ ունի իր մեջ, շարունակում է մնալ նույնը։ Ես լինեի, այդ աշխատանքը կիրականացնեի, որպեսզի թե ազգային երաշխիքների, թե նաեւ միջազգային երաշխիքների ձեւավորման մեջ հենվեինք միայն ու միայն այդ մեր կարեւոր փաստաթղթերի վրա»,- ասաց նա։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ արժանապատիվ խաղաղության համար պետք է ինստիտուցիոնալ կարողություններ եւ քայլեր մշակել։ Ամենաառաջին քայլը հետեւյալը պետք է լինի՝ պետք անհապաղ բելում մտցնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեջ կամ միակողմանի զիջումների մեջ, կասեցնել, դանդաղեցնել եւ իրական սահմանազատում ու սահմանագծում իրականացնել՝ ԵԱՀԿ փաստաթղթերի պահանջների համաձայն։ Խաղաղության համար անշրջելի քայլերից մեկը սահմանազատումն ու սահմանագծումը օրինական, միջազգային նորմերի համաձայն իրականացնելն է։

«Պետք է համատեղ գալ այնպիսի քայլերի, որ պատերազմը ոչ մի կողմի ձեռնտու չլինի, եւ յուրաքանչյուր կողմ հավատա, հասկանա, որ նշված իրավիճակում իր կողմից ցանկացած խախտում կարող է կործանարար լինել։ Եվ այստեղից բխում է այն, որ երկրորդ ինստիտուցիոնալ կարողությունը դա մեր բանակի իրական բարեփոխումներն են»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Մյուս քայլը, ըստ նրա, պետք է լինի ՀՀ ապաշրջափակման ուղղությամբ գործողություններ իրականացնելը։

«Այսօր Ադրբեջանը սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է արդեն իսկ մեր ձեռքերով, այսինքն՝ միակողմանի զիջումներով։ Եվ հրատապ խնդիրը դրա դեմն առնելն է։ Դուք եք, այս կառավարման համակարգն է երկիրը հասցրել այս վիճակի, եւ որքան էլ դուք փորձեք հակադարձել, փորձեք սրանից շեղել մեր բնակչության ուշադրությունը, չի ստացվելու։ Ոչ թե մենք պետք է իշխանափոխության մասին խոսենք, դուք ինքներդ պետք է իշխանության փոփոխության մասին մտածեք, մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին հարց տարով՝ քո պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Քո պատճառով է, որ մենք քո հետեւից գնալով՝ երկիրը տանում ենք այնպիսի իրավիճակի, որ օղակը մեր երկրի շուրջը սեղմվում է։ Եթե դա չեք իրականացնում, ուրեմն նշանակում է, ամբողջական իշխանափոխությանն այսօր այլընտրանք չկա»,- հավելեց Օհանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031