Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանց գյուղից մի երիտասարդ աղջիկ ինձ խնդրեց հարցնել Թագուհի Ղազարյանին եւ Մարիա Կարապետյանին՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում, ծեծ ու ջարդո՞վ»

Մայիս 02,2024 11:02

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ Կիրանց գյուղում ոստիկանների վայրագ գործողություններին։ 

«Համարյա երկու շաբաթ Կիրանց գյուղի շուրջ իրավիճակը լարված էր։ Եվ ինչպիսին պետք է լինի ապաշնորհ իշխանությունը, որ չկարողանա Կիրանց գյուղի բնակիչների հետ ճիշտ զրույց ունենա, բացատրի իրականությունը կամ իրողությունները եւ գործը հասցնի այնտեղ, որ առավոտ շուրջ ժամը 6-ին մարդիկ, որոնք ծնվել են սահմանային գյուղում, ապրել, մեծացել են, ենթարկվում են բռնության։ Ուժի դաժան գործադրմամբ նրանց տեղափոխում են Իջեւանի ոստիկանություն։ Ես ուզում եմ լսել, թե ՔՊ կուսակցությունն ինչ վերջո այս բռնությունն արդարացնում է, թե՞ եւս դատապարտում է։

Կիրանց գյուղից մի երիտասարդ աղջիկ ինձ խնդրեց հարցնել Թագուհի Ղազարյանին եւ Մարիա Կարապետյանին։ Ասում էր՝ ամիսներ առաջ մեզ մարզպետարանում բացատրում էին, թե ինչ երջանիկ խաղաղություն ենք ունենալու ու ինչ երջանիկ ապագա է սպասվում Կիրանց գյուղին։ Հարցնում է՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում, ծեծ ու ջարդո՞վ։ Եվ նաեւ խնդրեցին մի բան փոխանցել, որ եթե քաղաքում հիշողությունը կարճ է լինում եւ պայմանավորված այլեւայլ հանգամանքներով, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նա հավելեց, որ Կիրանց գյուղը տեղել է մոնղոլների արշավանքները եւ տեսնելուց մի քանի տարի հետո երկու շքեղ եկեղեցի է կառուցել, տեսել է Շահ Աբասի արշավանքները, այդ արշավանքից հետո Կիրանցի ձորից շատ գյուղեր դատարկվեցին, ամայացան, բայց Կիրանցը մնաց։ Կիրանցը տեսել է 1905-07 թվականների հայ-թաթարական բախումները, 1918-20 թվականների պատերազմական գործողությունները, 1990-ականների պատերազմական գործողությունները։

«Սրա միջով էլ է անցնելու, մնալու է այն ամոթը, խայտառակությունը, որը գործադրվեց կիրանցիների նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ հանրային հեռուստաընկերությունը շատ ճիշտ կմեկնաբանի եւ կներկայացնի, թե ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին առավոտ շուտ Կիրանց գյուղում։ Թվային նկարագրով դա նույնն է, եթե այսօր առավոտյան Երեւանում բերման ենթարկվեր 120-150 հազար տղամարդիկ։ Ես տագնապեցի, երբ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը կիրանցիներին դիմեց «սիրելի քույրեր եւ եղբայրներ», ես հասկացա, որ մի վատ բան լինելու։ Եկեք Աստծուն աղոթենք, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս որեւէ գյուղի ու քաղաքի բնակիչներին չասի՝ «իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ», որովհետեւ դա վատ նախանշան է դառնում»,- հավելեց Նազարյանը։

Նա ասաց, որ կիրանցիները չեն լքելու գյուղը, շարունակելու են ապրել, որ հետո հենց նույն Կիրանցից ինչ-որ մի լավ բան սկսվի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031