Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եմ՝ օրինական է, վերջ»․ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Մայիս 02,2024 10:18

«Ծեծելով լցրեցին ավտոները՝ տարան»,- Կիրանց-Ոսկեպար կամրջի մոտ լրագրողներին փոխանցեց մի քաղաքացի, որը հեռվից տեսել է, թե ինչպես են առավոտյան կանուխ՝ ոստիկանական ուժերը բերման ենթարկում Կիրանցի կամրջի մոտ հերթապահություն իրականացնող քաղաքացիներին։

Կրքերը շատ լարված են, տեղում հավաքված կանայք անընդհատ վեճի են բռնվում ոստիկանների հետ։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մոտ եւ ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ մարդաշատ է։

Այդտեղ է նաեւ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։ Նա հանգստացնում է բորբոքված կանանց՝ ասելով, որ բերման ենթարկվածներին շուտով ազատ են արձակելու։

Նա նաեւ հանգստացնում էր բորբոքված կանանց, ովքեր ասում էին, թե սահմանազատումից հետո այդտեղ չեն պատրաստվում բնակվել՝ թուրքերի հետ համատեղությամբ։ Կարեն Հակոբյանը վստահեցնում էր, որ ոստիկանական զորքերը պաշտպանելու են մեր բնակչությանը․ «Հիմա Սյունիքում էլ են մեր զորքերը»։

«Մենք ապրել ենք, մենք էդ տարիները գիտենք»,- պնդում էին կանայք։ Փոխոստիկանապետը եւ ոստիկանության Տավուշի բաժնի պետը պնդում էին, որ խնդիր չի լինելու․ «Դուք էլ եք ապրելու, մենք էլ ենք ապրելու, ոչ մի բան էլ չի լինելու։ Հանգիստ եղի՝ լավ է լինելու, շատ լավ է լինելու»։

«Պրովոկացիա մի արեք։ Հրահրում եք մարդկանց»,- լրագրողի վրա բղավեց փոխոստիկանապետը, երբ հարց հնչեց՝ ոստիկանությունը ժողովրդի շահերը պաշտպանելո՞ւ համար է, թե՞ դրանց դեմ գործելու։

Փոխոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանների գործողություններն օրինական են եղել․ «Ասում եմ՝ օրինական է, վերջ»։

Հիշեցնենք, Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում։ Բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031