«Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա»,- այս մասին վաղ առավոտյան տեղեկացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկաններ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- տեղեկացրել էր պատգամավորը։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել էր, որ բերման է ենթարկվել 31 մարդ։
Կարդացեք նաև
Տեղացիները պատմում են, որ լուսադեմին ոստիկանները հարձակվել են այդ պահին հերթապահություն իրականացնող քաղաքացիների վրա եւ ճանապարհ են բացել ականազերծողների համար։ Մարդիկ այդ գործողությունից մանրամասներ չեն կարողանում փոխանցել, քանի որ իրենք հետո են միացել՝ տեղեկանալով կատարվածի մասին։ Այդ պահին կամրջի մոտ գտնվող բոլոր տղամարդիկ բերման են ենթարկվել։
«Զարմանում են, ամբողջ Հայաստանի զորքը հանել են․ ընդամենը 15-20 հոգու համար 500-600 հոգի զորք են հանել։ Բա ո՞ւր էիք դուք։ Եկել են թուրքի համար ճանապարհ են բացում, ո՞վ եք դուք»,- ոստիկանության ներկայացուցիչներին են դիմում վրդովված մարդիկ։
Կիրանց-Ոսկեպար հատվածում, որտեղ մարդիկ փակել էին ճանապարհը՝ բողոքելով իշխանության կողմից իրականացվող սահմանազատման-սահմանագծման «պիլոտային» ծրագրի դեմ, ինչն անօրինական է, այս պահին մարդաշատ է։ Նաեւ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին քիչ առաջ ազատ արձակեցին. հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» էջը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ