Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով կարող եմ մեկնել Ռուսաստան. Դավիթ Տոնոյան

Մայիս 02,2024 09:16

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Մայիսի 02, 2024 թ.

2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը այլընտրանքային խափանման այլ միջոցներով փոխարինելու միջնորդությունների անհիմն մերժումներին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի այլ խնդրահարույց դրսևորումներին:

18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, իմ որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Դժվարանում եմ ողջամիտ բացատրություն գտնել այն ենթադրությանը, որ օտարերկրյա փաստաբանի ներգրավման կամ ՌԴ-ում իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հանգամանքը կարող է ՌԴ մեկնելու, առավել ևս թաքնվելու մասին վկայել, բայցեւայնպես դատավորն իր անհասկանալի բացատրություններով չի նշել որևէ պատճառ, թե ինչու չի կարող արգելել իմ ելքը ՀՀ-ից, այնինչ, նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարագայում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։

Ստացվում է, որ եթե մինչ այս պահը ինձ կալանքի տակ պահելու հիմքում դրված էր քրեական վարույթին խոչընդոտելու մտացածին ռիսկը, ապա վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով Ռուսաստանի Դաշնությունը` գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ:

Դատավորի այսօրինակ ապօրինությունները և դրանց վերաբերյալ վերադաս դատական ատյանների հանդուրժողականությունն ապացուցում է իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընդգծված և անթաքույց քաղաքական բնույթը, ինչն արդեն «միմոսություն» կարելի է անվանել։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում նաև դատավորի կողմից կայացված այս առեղծվածային որոշման վրա` իմ կողմից բարձրացված մնացած հարցերի հետ միաժամանակ այն դիտարկելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031