Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում խոսել է, թե Հայաստանը ինչ պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս արած հայտարարությունների հետ։
«Տեսեք մենք ինչ իրավիճակում ենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի նախագահի՝ գործող փաստաթուղթ է, որի տակ կա ՀՀ վարչապետի ստորագրությունը։ Մենք հայաստանյան եթերներում, հանրային դաշտում քննարկումներ ենք անում, թե այդ միջանցքում կամ ճանապարհին ռուսները կանգնեն կամ չկանգնեն։ Մի մասն ասում է թող միջազգային մեխանիզմ լինի։
Ըստ իս, Հայաստանը մի քանի տարբերակ ունի։ Առաջինը։ Պիտի ասի պարոն Ալիեւ, հարգարժան միջազգային հանրություն, միջնորդներ, գործընկերներ, այդ փաստաթղթում կան բազմաթիվ կետեր։ Ինը կետերից ութը այլեւս իրական չեն, այդ իրողությունները այլեւս գոյություն չունեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ կա Լեռնային Ղարաբաղ որպես իրավաքաղաքական միավոր, կա խաղաղապահ զորախումբ, որը պահպանում է ԼՂ տարածքի ամբողջ շփման գծի հսկողությունը, կա Լաչինի միջանցք։ Եվ ամենակարեւորը, ֆունդամենտալը. կա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, որն ունի իրավունքներ եւ այնտեղ ապրում է այդ ժողովուրդը։ Եթե կարճ ասեմ, այդ փաստաթուղթը հայկական Լեռնային Ղարաբաղի մասին է, որտեղ կա Ալիեւի կողմից չարչրկված ճանապարհի պարտավորությունը։
Երբ Հայաստանում մեկնաբանում են, թե չեն ուզում այդ ճանապարհը ռուսները վերահսկեն, մոռանում են, որ այդ ճանապարհի պարտավորությունը ծնվել է նոյեմբերի կոնցեպտով։ Եվ եթե նոյեմբերի 9-ի մնացած կետերը չկան, գոյություն չունի նման պարտավորություն։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետ կանչի իր ստորագրությունը։
Կարդացեք նաև
Երկրորդ տարբերակ։ ՀՀ-ն, եթե չի ուզում հետ կանչել իր ստորագրությունը, կարող է պատասխանել Ալիեւին ու Պուտինին, որ երբ փաստաթղթի բոլոր ութ կետերը կկատարվեն այնպես, ինչպես նշված է, այսինքն` հայկական Լեռնային Ղարաբաղի ռեժիմը կվերադարձվի, մենք պատրաստ ենք կատարել 9-րդ կետը։
Չկա այդպիսի խոսակցություն, պատասխան Հայաստանի կողմից»,-ասում է Էդմոն Մարուքյանը։
Նրա կարծիքով Հայաստանը ընտրել է երրորդ տարբերակը՝ փախուստ խնդիրներից, ինչը նա վերջին շրջանում արձանագրել է մի քանի անգամ։ «Հին հայկական տարբերակով սպասում ենք՝ կամ էշը կսատկի, կամ էշատերը։ Բայց ոչ մեկն է սատկում, ոչ մյուսը»,- եզրակացնում է Մարուքյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ