Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու պատիվը խուլիգանությամբ չեն պահում

Մայիս 02,2024 10:00

Օրերս հարցազրույցի ժամանակ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհականները, թեւ ու թիկունք լինելով քահանաների հետ, պետք է իրականացնեն եկեղեցու առաքելությունը:

Այդպիսի մոտեցումը մեր պատմության մեջ նորույթ չէ. մտավորականները, ուսուցիչները, դասախոսները միշտ համագործակցում էին եւ շարունակում են համագործակցել հոգեւորականների հետ՝ Ավետարանի արժեքները ժողովրդին հաղորդելու հարցում:

Բայց խոսքով քարոզելն, ինձ թվում է, քիչ է: Երբեմն մարդկանց վարքն ավելի մեծ քարոզչական ներուժ է պարունակում, քան խոսքը: Եվ այսօր ինձ թվում է, որ ավետարանական ճշմարտությունները, այսպես ասած, «կյանքի կոչելու» կարեւոր ձեւերից մեկը ատելության եւ վրեժխնդրության հեղեղի մեջ սեփական շիթը չավելացնելն է:

Ընդդիմադիր պատգամավորի օգնականը, որը հարձակվել էր իշխանական լրագրողի վրա, ասում է, որ դրանով նա պահել է եկեղեցու եւ հոգեւորականների պատիվը: Վստահ եմ, որ նա ճիշտ հակառակն էր անում՝ վարկաբեկում էր նրանց, ում իբր ձգտում էր պաշտպանել: Խուլիգանությամբ ոչ մեկի պատիվը պահել հնարավոր չէ:

Այդ երիտասարդի քաղաքական կողմնակիցները ավանդույթի համաձայն են հակադարձում՝ «բա որ նրանք…»: Այո, «նրանց» (իշխանության) պատգամավորները հարձակվում են լրագրողների վրա, նույնն են անում «նրանց» ոստիկանները: «Նրանք» պաշտպանում են «յուրային» լրագրողին եւ արդարացնում են «ոչ յուրային» լրագրողների վրա հարձակումները:

Եվ ի՞նչ է դրանից հետեւում: Դուք նույնպե՞ս պետք է այդպես վարվեք: Եթե այո, ապա դուք «նրանցից» որեւէ բանով չեք տարբերվում:

Ես իմ գաղափարակիցներին իշխանամետների եւ ընդդիմադիրների չեմ բաժանում: Իմ գաղափարակիցներն են բոլոր նրանք, ովքեր միանշանակ, առանց վերապահումների մերժում են բռնությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական՝ հայհոյանքների եւ վիրավորանքների տեսքով: Առանց «բա որ նրանք»-ի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանում, շատ հապճեպ կերպով են ոեւէ մէկին շնորհում՝ «լրագրող»ի տիտղոսը:

    Այո, ուրիշ երկիրներում ալ կան կեղծ լրագրողներ, եւ որեւէ թերթ իր քաղաքա-գաղափարական նախընտրութիւնները ունի, նոյնիսկ կողմնակալութիւնը, սակայն չափ ու սահման կայ: Արժանահաւատ, հաւասարակշռուած, եւ մանաւանդ՝ ոչ լրիւ նենգ ու ստախօս «լրագրողներ», կարելի է դեռ գտնել այդ երկիրներում:

    Հայաստանում «լրագրող»ների շշմեցուցիչ մեծամասնութիւնը՝ ամէն բան են, բացի լրագրող լինելէ: Նրանց մէջ կեղերը, լաւագոյն պարագային՝ քաղաքական գործիչներ են: Լաւագոյն պարագային…

    Եւ բոլոր կողմներն ալ ունի անշուշտ իրենց այդ յատուկ սպասարկուները:

    Կ’ընդունիմ որ «Առավոտ»ի լրագրողներին չի վերաբերիր վերեւ ըսածներս: Տարիների ընթացքին, նոյնիսկ նկատած եմ որ այդ տեսակ սուտ, ստախօս կամ խանգարուած «լրագրողներից» ոմանք եթէ յաջողին սպրդիլ այստեղ, երկար չեն մնար…

    Սակայն այս ուղղութեամբ ալ, ի զօրու է՝ «l’exception confirme la règle» արտայայտութիւնը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Փաստաբաններուն մեծամասնութիւնն ալ, սրիկաներ են: Բոլոր երկիրներում: Հետեւաբար ես կեանքումս երբեք չեմ պաշտպանած անոնցմէ ոեւէ մէկը, ոեւէ պարագայի:

    Որովհետեւ նոյնիսկ եթէ պատահական եւ սակաւաթիւ լաւերից մէկը պաշտպանեմ, դրանից պիտի օգտուին մեծաթիւ վատերը, որոնք բնաւ արժանի չեն իրենց այդ տիտղոսին, եւ ամօթ ու անպատւութիւն կը բերեն միայն իրաւաբանական ասպարէզին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031