Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր հետազոտության համաձայն՝ վերջին 50 տարվա ընթացքում պատվաստումների շնորհիվ աշխարհում 154 միլիոն մարդու, այդ թվում 101 միլիոն նորածինների կյանք է փրկվել։ Հետազոտողներն այսպիսով եզրակացրել են, որ իմունիզացիան ավելի մեծ դեր է կատարել նորածինների առողջության և ապրելիության հարցում, քան բժշկական ցանկացած այլ ձեռքբերում։
Նրանց խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստումն ամենանշանակալի ազդեցությունն է գործել մանկական մահացության նվազեցման գործում․ կարմրուկի դեմ պատվաստման շնորհիվ մոտ 94 միլիոն մարդու կյանք է փրկվել։
Ընդհանուր առմամբ ԱՀԿ-ի հետազոտության համաձայն՝ վերջին 50 տարվա ընթացքում պատվաստումներն ամեն րոպե 6 կյանք են փրկել։ Ինչպես նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը․ «Պատվաստանյութերը պատմության ամենահզոր հայտնագործություններից են, որոնք թույլ են տալիս կանխարգելել այն հիվանդությունները, որոնցից նախկինում մարդիկ սարսափում էին։ Պատվաստումների շնորհիվ ծաղիկը վերացել է, պոլիոմիելիտը դրա եզրին է, իսկ վերջերս մշակված պատվաստումների շնորհիվ մենք պայքարում ենք այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են մալարիան և արգանդի վզիկի քաղցկեղը։ Մշտական հետազոտությունների, ներդրումների ու համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք փրկել միլիոնավոր կյանքեր այսօր և առաջիկա 50 տարիների ընթացքում»։
Ինչպես պարզել են հետազոտողները, վերջին 50 տարիների ընթացքում 14 հիվանդությունների դեմ պատվաստումներն ուղղակիորեն նպաստել են մանկական մահացության նվազեցմանն ամբողջ աշխարհում մոտ 40 տոկոսով և 50-ից ավելի տոկոսով՝ աֆրիկական շրջաններում։
Կարդացեք նաև
Այդ պատվաստանյութերը պայքարում են դիֆթերիայի, գրիպի, հեպատիտ B-ի, ճապոնական էնցեֆալիտի, կարմրուկի, մենինգիտ A-ի, կապույտ հազի, ինվազիվ պնևմակոկային հիվանդության, պոլիոմելիտի, ռոտավիրուսի, կարմրախտի, փայտացման, տուբերկուլոզի և դեղին տենդի դեմ։
Օրինակ՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ ավելի քան 20 միլիոն մարդ կարողանում է քայլել, հակառակ դեպքում նրանք ուղղակի պարալիզացված կլինեին։ Հետազոտողների խոսքով՝ այս ձեռքբերումներն ընդգծում են պատվաստումների հետ կապված քարոզչության կարևորությունը, քանի որ պանդեմիայի տարիներին մոտ 67 միլիոն երեխաներ բաց են թողել մեկ կամ մի քանի պատվաստումներ։
ԱՀԿ-ի զեկույցում նշվում է, որ չնայած առաջընթացին՝ իմունիզացիայի գործընթացը դեռ թերություններ ունի։ Չնայած որ կարմրուկի դեմ պատվաստման շնորհիվ միլիոնավոր կյանքեր են փրկվել, 2022 թ․-ին աշխարհում մոտ 33 մլն երեխա կամ չի պատվաստվել, կամ թերի է պատվաստվել կարմրուկի դեմ։
Կարմրուկի 2 չափաբաժնով պատվաստված պետք է լինի բնակչության 95 տոկոսը՝ այս խիստ վարակիչ հիվանդության բռնկումներից խուսափելու համար։
Ներկայումս աշխարհի մասշտաբով կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է բնակչության 83 տոկոսը, իսկ երկրորդ չափաբաժինը՝ 74 տոկոսը, ինչը նպաստում է ողջ աշխարում հիվանդության բռնկումներին։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ ԱՀԿ