Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից հետագա ճնշումների դեպքում Հայաստանը նոր զիջումների չի գնա «Զանգեզուրի միջանցքի» , ադրբեջանցիների վերադարձի առումով:
«Հասկանո՞ւմ եք, սա շատ էական հանգամանք է՝ մեր դիրքերի լեգիտիմությունն արդեն իսկ մեր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որովհետև մեր դիրքերը լեգիտիմ են այստեղ։ Եվ մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է` մեր բոլոր քաղաքականությունները, խոսույթը, ասելիքը, անելիքը տեղավորել մեր լեգիտիմ հիմքերի և մեր լեգիտիմ գծերի վրա։ Սա շատ կարևոր եւ էական հանգամանք է։ Ես առիթ չեմ ունեցել հրապարակային ասելու, բայց նաեւ պետք է իմանանք, որ այդ թվում՝ 2021 թվականի իրադարձությունները, 2022 թվականի իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են հենց 4 գյուղերի համատեքստում։ Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում հաջող, օգտագործել, ցույց տալու համար, որ Հայաստանն է, որ գործում էր իր լեգիտիմ գծերից անդին։
Եվ մեր ռազմավարությունը, հիմա նաեւ անվտանգային և աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելով, և մեր ռազմավարությունները, նպատակադրումները, օրակարգը վերլուծելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ գլոբալ առումով Հայաստանի անվտանգությունը փլուզվող միջավայրում, գլոբալ անվտանգության փլուզվող միջավայրում, ո՞րն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել եւ անվտանգային, ըստ էության, նոր համակարգ ստեղծել։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ