«Արցախից եմ, կարելի է ասել այս սցենարը ես տեսել եմ՝ ինչից հետո ինչ ու ինչին է տանում։ Իմ պարտքն եմ համարում այստեղ՝ ժողովրդի կողքին լինել»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի թեմի սարկավագ Հրայր Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Տավուշում օրեր շարունակ ընթանում է պայքար ընդդեմ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի։
Սարկավագը ցավով նշեց․ «Ցավոք, Արցախի օրինակը եղավ, և հիմա արդեն ՀՀ-ին է վտանգ սպառնում։ Չեմ ասում՝ չորս, երկուսուկես գյուղեր, ասում եմ՝ ՀՀ-ի անվտանգությանն է վտանգ սպառնում։ Արցախը դարպասն էր, որ պահում էր։ Արդեն սկսել է ՀՀ-ի գոյության քննարկման հարցը»։
Սարկավագն ասաց, որ անտարբերություն է տեսնում ժողովրդի մեջ․ «Հասկանում եմ՝ ժողովուրդը խաբվել է, հուսահատ է, հույս էլ չունի, որ մեկը կամ մի քանիսը կարող են ժողովրդին ճիշտ ուղով առաջնորդել, քանի որ նորից պատմությունը ցույց տվեց, որ ժողովուրդը մեծ հույսով էր, բայց հիմա հուսահատված է։ Բայց պետք չի, որ հուսահատության մեջ մնա, թող նայի իր շուրջ, հասկանա, որ եթե զիջեց, ամեն ինչ կամաց-կամաց զիջելու է»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ հաճախ կարծիքներ են հնչում, թե Տավուշի համար պայքարը քաղաքականացված է, սարկավագ Հրայր Հակոբյանն արձագանքեց․ «Բնակիչները սրտացավ, հոգատար մարդիկ են, որոնք ՀՀ մարզերից գալիս են այստեղ կամ իրենց բնակության վայրերում են բարձրացնում իրենց ձայնը։ Մարդիկ չեն ուզում քաղաքականության մեջ մտնել։ Ուզում են, որ երկրի սահմաններն ապահով լինեն։ Սա երկրի անվտանգության պայքարն է, որ իրենց երեխաներն ապահով գնան դպրոց, գան․ այն երեխաները, որոնք չեն ուզում այս հողից դուրս գալ։ Այդքան տղաներ, որ իրենց կյանքը զոհեցին, դա ամենամեծ պատասխանատվությունն է դնում մարդու վրա, որը պատասխանատու է որոշումների համար, որպեսզի ինքն ի նպաստ երկրի որոշում կայացնի, եթե չես կարող, քեզ ճնշում են, պարտադրում են կամ խարդախությամբ թվացյալ հաղթանակ տարած պետությունն է ինչ-որ բան պահանջում, եթե դու ի վիճակի չես, թող այնպիսի մարդ լինի այդ պաշտոնում, որն ի վիճակի է։ Բայց ամեն անգամ պետք չի տանել կործանման ու ասել՝ ես չկարողացա, մեզ ստիպեցին, մեզ պարտադրում են։ Այդ դեպքում դու ինչո՞ւ ես երկրի, ազգի առաջնորդ, այն ազգի, որից օրինակներ են վերցրել շատ ազգեր»։
Սարկավագն ասաց՝ պայքարող այս մարդիկ սահմանապահ ժողովուրդ են, կրակոցի տակ ապրել են, չեն վախենում․ «Պետք չի մարդուն, որը պատերազմի մեջ է, պատերազմով վախեցնել։ Խաղաղությունը պետք է պարտադրվի հաստատակամությամբ՝ պաշտպանելով հայրենիքը, տեր կանգնելով։ Տեր չի նշանակում իշխել, տերը լինում է հոգատար։ Պաշտոնյա նշանակում է ծառայող, ոչ թե տիրող, մեր ազգի մեջ արդեն այդ տերմինները սխալ են հասկանում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ