Բաքվում այսօր պաշտոնապես բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերություն», որը հեռարձակվելով պետական պատվերով, եռալեզու՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն, ադրբեջանցիներին և աշխարհին ներկայացնելու է «գրավված Ադրբեջանի մասին ճշմարտությունը ու այնտեղ հետվերադարձի հայեցակարգը»։
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը սա համարում է Հայաստանի ներկայիս իշխանության թողտվության, հակահայկական քաղաքականություն վարելու, այդ կեղծիքներին պաշտոնապես չարձագանքելու հետևանքը։
Նա մեջբերում է այլ օրինակներ, թե ինչպես ֆեյսբուքում ձևավորված «Արևմտյան Ադրբեջան» էջը, որը բավականին ակտիվ է՝ 5000 ընկերներ ու նույնքան հետևորդներ ունի, ադրբեջաներեն և ոուսերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ռեպորտաժներ է ներկայացնում։ Վերջին ռեպորտաժը նրանց ձևակերպմամբ՝ եղել է «ադրբեջանական Գոշ գյուղի» մասին, Գոշավանքը ներկայացվել է որպես աղվանական եկեղեցի։
Կարդացեք նաև
Այդ նույն էջում «Խոր Վիրապ» վանական համալիրը ևս հանրությանը ներկայացվել է որպես աղվանական եկեղեցի, իսկ Մեղրին՝ որպես Արևմտյան Ադրբեջանի Զանգեզուր նահանգի խոշորագույն բնակավայր։ Նրանք, ըստ քաղաքագետի, ամեն ինչ անում են ապացուցելու, որ Հայաստանի տարածքները պատմական թուրքական հողեր են։
«Եթե որևիցե մեկը չգիտի, ապա ասեմ, որ Ադրբեջանի իշխանությունները «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը։
Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո փորձում է հայ հասարակությանը համոզել, որ մենք պետք է հրաժարվենք մեր հայրենիքից՝ իբր թե մեր պետականությունը պահպանելու համար, փորձում է մարդկանց ապացուցել, որ դրանք ընդամենը հողեր են, որոնք մերը չեն և պետք է հանձնվեն, որպեսզի պահպանենք այն, ինչ ունենք, Ադրբեջանում պետական մակարդակով հեռուստաընկերություն են բացում։
Հիմա դուք ո՛չ Հ1-ով, ո՛չ իշխանական լրատվամիջոցներով երբևիցե չեք տեսնի, որ ֆիլմեր, տեսանյութեր հրապարակվեն Արցախից, Արևմտյան Հայաստանից, չեք տեսնի, որ այդ նույն Հ1-ով ցույց տան Ղազանչեցոց վանքը, Գանձասարի վանական համալիրը, Շուշի քաղաքը, Ստեփանակերտը, բայց ինչպես տեսնում եք, Ադրբեջանում դա չի գնահատվում։
Ավելին ասեմ, պաշտոնական Բաքվի համար Հայաստանի գործող իշխանությունների ստրկամտությունը և թրքամոլությունը դիտարկվում է որպես վախկոտություն և քծնանք։ Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հայ հասարակության գաղափարախոսությունը փոխելու համար նրանց մոտ սերմանել հակակրանք իրենց պատմական հայրենիքի նկատմամբ, որովհետև, ըստ նրա, պատմական հայրենիքը հիշելով՝ հայերը միշտ տուժել են, Նիկոլը դա է ուզում ապացուցել հայությանը, Ադրբեջանում լկտիացել են։
Եվ 106 տարին դեռ չբոլորած ադրբեջանական ժողովուրդը հիմա արդեն բացահայտ, պետության անմիջական հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ, հեռուստաալիք է բացում։ Հեռուստաալիք բացելը դա շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է, բայց պաշտոնական Բաքուն արդեն բացել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերությունը», որը հեռարձակելու է, ինչպես իրենք են ասում՝ «ճշմարիտ տեղեկություններ ադրբեջանցիների պատմական հայրենիքի մասին»։
Գագիկ Համբարյանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ՝ ապրիլի 27-ին, Ադրբեջանում տեղի է ունեցել համաադրբեջանական դպրոցական օլիմպիադա՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրի ներքո, որին, ըստ պաշտոնական Բաքվի տվյալների, մասնակցել են 9-րդ և 10-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Իսկ նրանց թիվը 10 հազարից ավելի է։
Այն անցկացվելու է երեք փուլով, վերջին փուլը կլինի հունիսի սկզբին՝ Նախիջևանի Սադարակ բնակավայրում, որն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մեր Երասխից։ Ներկայացվելու են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմությունը, մշակույթը, խոհանոցը։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ ամեն ինչ զիջելով Ադրբեջանին՝ կարելի է խաղաղություն բերել, չարաչար սխալվում է։ Ամեն մի նվաստացում, ստորացում պաշտոնական Բաքվի առաջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար բերելու է նորանոր կորուստների, նորանոր նվաստացումների։
Վերջապես մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանը երբեք չի ուզում խաղաղ ապրել հայերի հետ և երբեք չի ուզում ունենալ Հայաստան անունով հարևան։ Եվ այդ ծրագիրն իրագործելու համար մեծ նշանակություն ունի նաև այս նոր հեռուստաընկերությունը, որի միջոցով ադրբեջանցիներն ակտիվ լծվելու են պատմական Հայաստանի պատմությունը կեղծելու իրենց անպատվաբեր գործին»,-ասում է քաղաքագետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ