Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք, որ գնում են Տավուշ, մասնակցում ցույցերին, չգիտեմ՝ օգո՞ւտ են տալիս, թե՞ վնաս»․ Հայկ Մարությանը բացառում է ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների հետ միավորվելը

Մայիս 01,2024 17:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, ինքն էլ այսօր «Նոր ուժ» անվամբ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեց նախագահ։ Կուսակցությունը պատրաստվում է համապետական ընտրություններին։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ քաղաքական նոր ուժ եք ստեղծում, սակայն այս օրերին Տավուշում չեք, որտեղ սահմանազատում է իրականացվում, եւ չորս գյուղեր տալիս են Ադրբեջանին, ձեզ հետաքրքիր չէ՞ ,թե մարդիկ այնտեղ ինչ են մտածում, ինչ են խոսում, բողոքի ցույցեր են, ու դուք այնտեղ չեք, ասաց․ «Երբ ես Տավուշի գյուղերում էի, մարդիկ երեւի այդ գյուղերի տեղը սկի չգիտեին։ Այսօր բոլորը հիշել են։ Ես քաղաքացիական ակտիվիզմով էի զբաղվում, իմ ֆիլմերը․․․ գնում էի սահմանամերձ գյուղեր, միշտ եղել եմ այնտեղ, փորձել եմ մաքսիմալ թեթեւացնել օրը, կյանքը, շփվել, իմանալ խնդիրները, տարբեր մարդկանց խնդիրներին լուծում տալ։ Այսօր բոլորը հիշել են Տավուշը, իրենք, որ բոլորը գնում են այնտեղ, մասնակցում են ցույցերին, չգիտեմ՝ օգո՞ւտ են տալիս, թե՞ վնաս՝ չեմ կարող գնահատել։ Ես գնահատում եմ, որ մեր անելիքն այսօր այստեղ է, մեր Տավուշն այս դահլիճում է, այս դահլիճում դնում ենք Տավուշի եւ մեր սահմանամերձ գյուղերի խնդրի լուծման սկիզբը։ Սա է ճանապարհը։ Ամբողջ պետությունը վտանգված է, որովհետեւ այս իշխանությունն է այսօր, մինչեւ չհեռացնենք այս իշխանությանը, մենք անընդհատ խնդիրներ ենք ունենալու։ Այս իշխանությունն ունակ չէ կրիզիս մենեջմենթի»։

Հարցին՝ մինչեւ մասնակցեք հաջորդ ընտրություններին, գուցե միայն Երեւանը մնա, Մարությանը պատասխանեց․ «Եթե գործընթացը զարգանա այդ սցենարով, բնականաբար, ժողովուրդը թույլ չի տա, մենք կլինենք այդ պայքարի առաջնագծում»։

Հարցին՝ դո՞ւք եք այլընտրանքը իշխանության, Մարությանը պատասխանեց․ «Մեր քաղաքական ուժը գալիս է փոխարինելու այս պահին գործող քաղաքական ուժին»։

Դիտարկմանը՝ տարբեր քաղաքական ուժեր ձեզ ռուսական գործակալ են համարում, արտաքին հովանավորներ ունե՞ք, Մարությանը պատասխանեց․ «Մենք արտաքին հովանավորներ չունենք եւ չենք էլ ունենալու, չենք էլ կարող ունենալ: Այն մարդիկ, կուսակցությունները եւ դրանց ղեկավարները, քարոզիչները, բոլոր այդ մարդիկ, ովքեր երբեւիցե ասեն, որ մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոններն ենք, դա կոնկրետ նիկոլական պրոպագանդան է, դա հստակ ուղղորդված բան է»։

Հարցին՝ հասարակությանը սեւ ու սպիտակի բաժանողը դուք եք եղել, կարողանալո՞ւ եք սեւ ու սպիտակի մոդելը հանել, Մարությանը ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» ստեղծագործությունից մեջբերում արեց․ ««Я тебя породил, я тебя и убью»»։

Ապա Մարությանն ասաց, որ ինքը հասարակությանը չի բաժանել սեւ ու սպիտակի, դա քաղաքական ուժերին է վերաբերել։

«Այս պահին մենք առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին, որ միասնություն է պետք, իրական միասնություն, ոչ թե խոսքերով։ Սակայն, այն ուժերը, որոնք չեն մտածում Հայաստանի մասին, չենք համագործակցելու»,-ասաց Մարությանը։ Թե որ ուժերն են դրանք, Մարությանը հստակեցրեց՝ նրանք, ովքեր եղել են իշխանության, եւ իրենք իշխանության օրոք ապացուցել են, որ չեն մտածել պետության մասին, միայն հարստացման մասին են մտածել, այդ մարդկանց հետ «Նոր ուժ»-ը ճանապարհ չունի գնալու։

Մարությանը բացառեց, որ ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմակիցների հետ կմիավորվի։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031