«Ղեկավարն առաջնորդություն է, դա ինքնաբերաբար է լինում, ամեն ինչ գործընթացի մեջ է ծնվում»,-Կիրանցում զոհված զինծառայողների մայրերի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր առաջնորդի մասին հարցին:
Այսօր Մասիս քաղաքից զոհված զինծառայողների մի խումբ մայրեր Տավուշում էին՝ իրենց աջակցությունը եւ զորակցությունը հայտնելու տավուշցիների պայքարին: Կանայք անհանգիստ էին, որ գործընթացները զարգանում են, իսկ դրանց դեմ պայքարը դանդաղում է: Նրանց անհանգստացնում է նաեւ ընդդիմադիր առաջնորդի բացակայության հարցը: Սուրեն Պետրոսյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ իր հունով ընթանում է, իսկ առաջնորդներն ի հայտ կգան պայքարի ընթացքում: Նա ընդդիմության մինչ օրս կատարած սխալներից մեկն էլ համարում է այն, որ ընդդիմադիր ուժերը հասարակությանը փորձել են առաջնորդներ առաջարկել:
«Նույնիսկ չորս շաբաթ սպասելու կարիք չի լինելու… մի քիչ էլ սպասեք»,- հորդորեց նա: Տիկնանցից մեկն էլ վրա բերեց՝ «Ասում են, մինչեւ մայիսի 15-ը ամեն ինչ լինելու է»:
«Այս օրերին մեզ շատ են այցելել մեր հերոս նահատակների ծնողները, որոնք հայրենիքի մայրերն են եւ հայրերը: Իրենց օրհնությունը մեր գլխից պետք է անպակաս լինի, որովհետեւ երազ ու հայրենիք ունենք՝ առաջին հերթին մեր տղաներին վերադարձնելու»,- արցախյան պատերազմում զոհված Արման Օհանջանյանի եւ Արսեն Կիրակոսյանի մայրերի՝ տիկին Ելիզավետայի եւ տիկին Մարոյի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հասարակությանը սիրո եւ միասնականության կոչ հղելով:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանի խոսքը՝ տեսանյութում
Հիշեցնենք, Տավուշի Ոսկեպար, Կիրանց համայնքներում արդեն 12 օր է՝ բնականոն կյանքը կաթվածահար է. այդ հատվածում իշխանությունը Ադրբեջանի հետ սահմանազատման «պիլոտային» ծրագիր է իրականացնում: Փակ է Կիրանց-Ոսկեպար կամուրջը, մարդիկ պայքարում են ՀՀ իշխանության եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների դեմ, գիշերում են փողոցում, վրանների տակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ