«Այն, որ հիմա սահմանագծում է տեղի ունենում եւ շատ անօրինական, սա հակասում է եւ միջազգային պրակտիկային եւ մեր Սահմանադրությանը: Նիկոլ Փաշինյանը ոնց որ սեփականատերը լինի Հայաստանի. կարող է որոշել՝ որ կտորն ում տա կամ չտա»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով Տավուշի մարզում ՀՀ իշխանության կողմից իրականացվող սահմանազատման-սահմանագծման մասին:
Վազգեն Մանուկյանը շատ կարեւոր է համարում այն, որ տեղացիները, նաեւ Հայաստանի տարբեր մարզերից նրանց աջակիցները, պայքարում են իրենց իրավունքների համար. «Այդ իրավունքները բոլորիս իրավունքներն են, բայց հիմա, այստեղ ինչ-որ մարդիկ պայքարում են դրանց համար»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ այդ տարածքներն Ադրբեջանին են պատկանում եւ եթե դրանք չվերադարձնենք՝ պատերազմ կսկսվի, Վազգեն Մանուկյանն ասաց. «Մի կողմից Հայաստանը հայտարարում է, որ ինքն ուզում է խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի ինքը խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը բոլորովին այլ խնդիրների մասին է խոսում: Իրենք խոսում են Հայաստանի մասին, որպես Արեւմտյան Ադրբեջանի մասին, ինքը նպատակ ունի ամրապնդվի մեր անկլավներում, մեր բարձունքների վրա, որպեսզի հետո շարունակի իր ընթացքը: Մեր ամեն մի զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը»:
Վազգեն Մանուկյանը պնդում է՝ անդառնալիության կետը հատված չէ եւ եթե ժողովուրդը միասնական որոշում ընդունի, դրան դեմ գնալը շատ բարդ կլինի:
Կարդացեք նաև
«Անընդհատ որ վախեցնում են պատերազմով. նախ՝ միջազգային մթնոլորտը հիմա այնպիսինն է, որ Ադրբեջանը պատերազմ սկսել չի կարող: Սա կապված է նաեւ նրա հետ, որ Արցախի բնակչության տեղահանումը բերեց միջազգային ինչ-որ մի կարծիքի, ագրեսիան, այն, ինչը որ կատարվում է Պաղեստինում… հիմա նպաստավոր պայման չէ պատերազմ անելու համար: Ինքն իր ծրագիրը իրականացնում է հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ՝ տիրանալ հայկական հողի վրա, հետո, հեշտ դիրքերից շարունակել նվաճումը»,- ասաց նա:
Հարցի լուծումը Վազգեն Մանուկյանը տեսնում է Երեւանում. «Երեւանը կարող է ոտքի կանգնել եւ հարցերը լուծել միայն այն դեպքում, երբ տեղերում, մարդիկ իրենց իրավունքի համար պայքարում են»: Նա կարեւորում է այսօր Տավուշում ընթացող պայքարին զուգահեռ՝ մայրաքաղաքում քաղաքական-հասարակական ուժերի ինքնակազմակերպումը, գործընթացների առաջ մղումը, ինչն էլ բերելու է դրական արդյունքի: Իր կարծիքով, մոտ ժամանակներս դա հնարավոր կլինի:
Տավուշում պայքար մղող մի երիտասարդ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ երբ անցած տարի, սեպտեմբերին Արցախը հայաթափվեց, մարդիկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ՝ պայքարի, ինչո՞ւ այդ պայքարը հաջողություն չունեցավ, ինչո՞ւ հրապարակում գտնվող գործիչները «պլան Բ» չառաջարկեցին կամ այն չկատարվեց:
«Որովհետեւ այդ նախադրյալները չեղան»,- պատասխանեց Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, Տավուշի Ոսկեպար, Կիրանց համայնքներում արդեն 12 օր է բնականոն կյանքը կաթվածահար է . այդ հատվածում իշխանությունը Ադրբեջանի հետ սահմանազատման «պիլոտային» ծրագիր է իրականացնում: Փակ է Կիրանց-Ոսկեպար կամուրջը, մարդիկ պայքարում են ՀՀ իշխանության եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների դեմ, գիշերում են փողոցում, վրանների տակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ