Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում, այսօր «Նոր ուժ» անվանումով այդ նոր կուսակցության հիմնադիր համագումարն է։
Կուսակցության նախագահի թեկնածուն Հայկ Մարությանն է, որն իր ելույթում քննադատեց իշխանություններին եւ ներկայացրեց նոր կուսակցության սկզբունքները։
Մարությանի խոսքով՝ 2018-ին համաժողովրդական ալիքի վրա տեղի ունեցած հեղափոխությունն ահռելի դրական լիցք ու բարվոք ապագայի լավատեսություն տվեց Հայաստանի ժողովրդին եւ սփյուռքի հայերին, նաեւ լեգիտիմության պաշար տվեց Արցախի հարցը արժանապատիվ լուծելու համար․ «Ցավոք, 2018-ի էներգիան ներքին եւ արտաքին իրական եւ անշրջելի արդյունքի վերածելու փոխարեն՝ իշխանությունն ընտրեց վայրիվերո եւ անարդյունավետ գործողությունների ճանապարհը՝ կորցնելով արագ ռեֆորմների հնարավորությունը։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ անշրջահայաց ու հախուռն գործողություններով նոր իշխանությունը մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ պատրաստ չլինելով դրան ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական ճակատում, ինչն ապացուցվեց 44-օրյա պատերազմի օրերին։
Փաստացի Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար կենսական կարեւորություն ունեցող խնդրի վճռական փուլում մենք մնացինք միայնակ՝ չունենալով մեր դաշնակիցների միանշանակ աջակցությունը եւ կորցնելով հակառակորդների հետ արժանապատիվ երկխոսության հնարավորությունները։
Պատերազմի բուն ընթացքում ուժային կառույցներում հաճախակի փոփոխությունները քաղաքական ղեկավարության անկանխատեսելի վարքը ցույց տվեցին, որ երկրի ռազմաքաղաքական վերնախավը համարժեք չէ ծառացած մարտահրավերների առաջ»։
Կարդացեք նաև
Մարությանն իր ելույթում ասաց՝ Հայաստանի ժողովուրդն ընկղմվել է ազգային, պետական ինքնության խորը ճգնաժամի մեջ․ «Արտաքին ուժերի անթաքույց միջամտությամբ եւ գործող իշխանության համաձայնությամբ փորձ է արվում փոխել ոչ միայն 3-րդ Հանրապետության հիմքում դրված իրավական փաստաթղթերը, այլեւ արմատապես ձեւախեղել մեր քաղաքական եւ մշակութային ինքնության ատրիբուտները»։
2018-ից առաջ կոռուպցիոն համակարգը վերանալու փոխարեն, ինչպես ասաց Մարությանը, նոր դրսեւորումներ են ի հայտ գալիս։
«Լինելով հայկական անկախ պետականության զարգացման անզիջում ջատագովներ՝ մենք հանձն ենք առնում մեր քաղաքական գործունեությամբ վերականգնելու հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ նոր ընթացքի վրա դնել մեր Հանրապետությունը։ «Նոր ուժ» կուսակցությունը իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ։ Ներքին քաղաքականության եւ հասարակական հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն են՝ լայն մասնակցայնությունը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին, ամբողջ հանրության պաշտպանության երաշխիքը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանված լինելն է։ Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն արժեհամակարգով անքակտելիորեն կապված են եվրոպական քաղաքակրթության հետ, միեւնույն ժամանակ ես անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում։ Երկրի ներքին եւ արտաքին քաղաքական նպատակները պետք է բխեն սեփական ռեսուրսների իրատեսական գնահատման վրա՝ ջանալով շարունակաբար լայնացնել այդ հնարավորությունների շրջանակը։ Մինչդեռ վերջին տարիներին իշխանության բազմաթիվ վայրիվերո գործողությունները խարխլել են Հայաստանի արտաքին քաղաքական վարկը, կրճատել հնարավորությունների շրջանակը ու Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկրներն օգտվում են այս իրավիճակից ՝ անընդհատ զիջումներ կորզելով եւ շարունակելով ավելին պահանջել»,-ասաց Մարությանը։
Կուսակցության համար կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի անմիջական հարեւան-բարեկամ երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունների ռազմավարական զարգացումը, Եվրամիության եւ եվրոպական երկրների հետ ինտեգրացիոն ծրագրերի լայնացումն ու խորացումը հնարավոր բոլոր ուղղություններով եւ մակարդակներով, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային սերտ կապերի ամրապնդումը ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, Արաբական աշխարհի բարեկամ երկրների հետ, նոր կապերի ձեւավորումն ու ամրապնդումը հնարավոր բոլոր տարածաշրջանների երկրների հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսության վերականգնումը, հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գոյակցության ձգտումը։
ԼՂ հակամարտության վերաբերյալ «Նոր ուժ»-ի դիրքորոշումը, Մարությանի ներկայացմամբ՝ հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա․ «Ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ եւ էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել Արցախի հայության իրավունքները, արցախցիների՝ իրենց հազարամյա հայրենիքում ապրելու եւ արարելու երաշխավորված հնարավորություն պետք է ունենա»։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության միջոցով մասնակցել էր Երեւանի քաղաքապետի ընտրություններին, կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Այս տարվա փետրվարին ավագանու որոշմամբ Հայկ Մարությանին զրկեցին ավագանու անդամի մանդատից։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ