Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատի զինվորական կացարանի գործով ընդհուպ մինչեւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ենթակա են պատասխանատվության»․ Նորայր Նորիկյան

Մայիս 01,2024 11:51

2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հարազատները շարունակում են պայքարել դեպքի հանգամանքների բացահայտման համար։ Հիշեցնենք, որ այս հրդեհի հետեւանքով 15 զինծառայող զոհվեց: Զինծառայողների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարակում։

Փաստաբան Նորայր Նորիկյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի անջատված մասով դեռեւս ընթանում է քննություն, որով պետությունն իր ինստիտուտների միջոցով հանրությանն ազդանշան ուղարկեց, որ այս գործով դեռեւս կան չբացահայտված հանգամանքներ, որոնք ենթակա են բացահայտման։

«Սակայն անցած տարվա սեպտեմբեր ամսից անցել են ամիսներ, բայց որեւէ շոշափելի արդյունք այդ ուղղությամբ արձանագրված չէ։ Մենք վերահաստատում ենք ծնողների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, տոտալ անվստահություն կա ինչպես դատարանում քննվող գործի շրջանակներում ընթացող իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ անջատված մասով։ Դատարանում հարցաքննվել են ընդամենը երկու տուժողներ, այդ տուժողներից երկուսի թե նախաքննական, թե դատաքննական ցուցմունքները միմյանց հակասել են։ Ավելին, մենք միջնորդություն ենք ներկայացրել եւ դեպքին հաջորդող ժամանակահատվածում, եւ թե անցած տարի, որ ողջ մնացած անձանց, որոնք ունեցել են որոշակի կարգավիճակ դեպքի օրը, նրանց արարքներում հնարավոր քրեաիրավական գնահատական տրվի։ Սակայն այս առումով էլ որեւէ շոշափելի արձագանք չկա։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ 10-15 օր առաջ ծնողների հետ միասին հանդիպել ենք դատավարական հսկողություն իրականացնող հանրային մեղադրողի հետ։ Այդ ընթացքում ներկայացվել են բոլոր պահանջները, մեկ-երկու անգամ հանդիպել ենք նոր քննիչի հետ, դուք գիտեք, որ նախորդ քննիչը դատախազի որոշմամբ վարույթից հեռացվել է։ Եվ, ըստ էության, մենք հիմա սպասում ենք մի իրավիճակի, թե պետությունը՝ ի դեմս Քննչական կոմիտեի եւ դատախազության, այդ անջատված մասով ի՞նչ կասի, ի՞նչ հաշվետվություն կներկայացնի։ Մի բան ակնհայտ է, որ այս գործը չի բացահայտվել, գործի բոլոր հանգամանքները հասու չեն հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք 2023 թվականի հունվարի 20-ին»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը նշեց, որ նախ անհրաժեշտ է ճիշտ քրեաիրավական գնահատական տալ այս արարքին, պարզել ճշմարտությունը։ «Եթե պարզվի, որ այս արարքը կատարվել է դիտավորությամբ, այսինքն՝ դիտավորությամբ զորանոցն այրվել է, որի հետեւանքով զինծառայողները զոհվել են, կամ ինչ-որ այլ հանցագործություն թաքցնելու նպատակով է այրվել զորանոցը, բնականաբար, անկախ նրանից՝ ով ուզում է լինի, պետք է բացահայտվեն ու հայտնաբերվեն։ Իսկ եթե պարզվի այն պաշտոնական վարկածը, որն այս մեկ ու կես տարի իրենք պնդում են, նույնիսկ այդ վարկածի շրջանակներում հենց իրենք են ընդունել, որ առկա է ոչ բոլոր մեղադրյալների շրջանակ, հակառակ պարագայում իրենք անջատված մասով քննություն չէին տանի։ Ես պնդում եմ, որ այդ գործով ընդհուպ մինչեւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ենթակա են պատասխանատվության, որովհետեւ այդ զորանոցը, որը հատկացվել է զինծառայողների բնակության համար, որեւէ չափանիշի չի համապատասխանում»,- հավելեց Նորիկյանը։

Ըստ նրա՝ նույնիսկ եթե հիմնավորվի, որ Եղիշե Հակոբյանն է բենզինով վառել վառարանը, որի հետեւանքով այրվել է զորանոցը, պետք է շատ պարզ հարցի պատասխան տրվի՝ ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ եթե 00։40-ին վառարանն այրվել է, 01։16 րոպեին նոր միայն ահազանգ է տրվել հրշեջ ծառայությանը։ Եվ պետք է տրվի նաեւ այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ դրան նախորդած ժամանակահատվածում զինծառայողները չեն արթնացել քնից ու տարածքից դուրս չեն եկել։

Ըստ փաստաբանի՝ Եղիշե Հոկոբյանի գործողությունները դառնում են երկրորդական, այստեղ կարեւոր հարցը հետեւյալն է՝ հրդեհին հաջորդող ժամանակահատվածում ինչո՞ւ զոհված զինծառայողները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ այդ տարածքից դուրս գալու համար։

Հարցին, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյա՞նն էլ պետք է պատասխանատվության ենթարկվի, Նորիկյանը պատասխանեց․ «Ես 2023 թվականին դեպքի հենց առաջին օրերին եմ ասել, որ քաղաքական պատասխանատվությունը կրում է գործադիր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Ասել եմ, որ այս ամեն ինչը, եթե իրենց պաշտոնական վարկածն է, իրենք գլոբալ փնթի կառավարման արդյունքն է։ 2023 թվականի հունվարի 20-ին կառավարության նիստը վերածվել էր արտակարգ դատարանի, որտեղ Փաշինյանի կողմից նշանակվեցին հնարավոր մեղավորները, անմեղները, դուրս եկան իրենց սահմանադրական ու օրինական իրավունքների շրջանակներից։ Մենք ուզում ենք այս խնդիրը պարզապես պահել իրավական հարթության մեջ՝ ընդգծելու համար, որ այս ոլորտում փնթի գործունեություն է իրականացվում, եւ որեւէ շոշափելի արդյունք չի արձանագրվում՝ այս մեծագույն ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտելու համար»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031