Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպության գրանցման գործով դատարանում փոխնախարարի անունն է հնչում

Մայիս 01,2024 14:00

Բողոքի քննությունը՝ 2025 թ. փետրվարի 7-ին

Վերջին շրջանում հարցումներ եմ ուղարկել տարբեր նորահայտ հասարակական կազմակերպությունների, կապված նրանց գրանցման գործընթացների, ներկայացված փաստաթղթերում առկա բացթողումների, նաեւ դատական գործընթացներում նրանց ներգրվավվածության հետ: Նկատելի է, որ հարցումներին, չնայած որ հղում ենք կատարել ՏԱ օրենքին, սահմանված ժամկետները, պատասխանները ուշացած, կամ ոչ պատշաճ են արձագանքում: Այս պահին կա ավարտուն դատական մի գործ ՀՀ արդարադատության նախարարության դեմ. «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչներ՝ Կարեն Ղոնյան, Վարդան Ղահրամանյան) հաղթել է վարչական դատարանում (դատավոր՝ Գրիգոր Առաքելյան):

Պատասխանող կողմը դատարան չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որեւէ դիրքորոշում:

2022 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվել «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության եւ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման վարույթի նյութերը: ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ 211-Մ-10 որոշմամբ մերժվել է դիմումով հայցվող փոփոխության պետական գրանցումը: Որոշման օրինակը դիմող կողմին է տրամադրվել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին:

Պատասխանողը «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված կարգը:

Հայցվորը դատարանում առկա հայցադիմումի համաձայն, պնդել է, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2022 թվականի թիվ 211-Մ-10 որոշումը ոչ իրավաչափ է, խախտում է իրենց իրավունքները եւ ենթակա է անվավեր ճանաչման:

Ըստ հայցվորի, պատասխանողի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ կանոնադրության եւ գործադիր մարմնի փոփոխության որոշումը որեւէ մեկի կողմից չի վիճարկվել, անվավեր չի ճանաչվել: Կազմակերպության հրավիրած համաժողովին մասնակիցներից որեւէ մեկը համաժողովի օրակարգի վերաբերյալ որեւէ առարկություն չի ներկայացրել, համաժողովի անցկացման, ծանուցման եւ ընթացակարգային աշխատանքների վերաբերյալ որեւէ առարկություն, միջնորդություն կամ հայտարարություն չի ներկայացվել: Այսինքն, համաժողովի մասնակիցները բոլորն էլ ծանուցված են եղել:

Մերժման հիմքերից մեկն այն էր եղել, թե «համաժողովի ծանուցման կարգը չի պահպանվել», որն էլ դիտել են որպես համաժողովի իրավազոր չլինելու հանգամանք: Սակայն հայցվորի տեղեկացմամբ, պատվիրակները ծանուցված էին եւ մեծամասնությունն է մասնակցել համաժողովին, համաժողովի կողմից կայացված որոշումներն էլ որեւէ մեկի կողմից չի վիճարկվել:

Երրորդ անձ էր ճանաչվել Վ. Խաչիկյանը: Ըստ նրա առարկությունների, «16.06.2022թ.-ին Ֆեդերացիայի նախկին ղեկավար կազմից, մասնավորապես՝ Ֆեդերացիայի նախկին փոխնախագահ, ֆինանսական տնօրեն Վարդան Ղահրամանյանի եւ նախկին գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոխնախարար Կարեն Գիլոյանի եւ վերջինիս ենթակայության տակ գտնվող մի շարք աշխատակիցների անմիջական աջակցությամբ Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 9-րդ հարկի դահլիճում օրենքի կոպիտ խախտմամբ, անօրինական ճանապարհով, հրավիրվել է Ֆեդերացիայի համաժողով: Կազմվել է արտահերթ համաժողովի թիվ 1 արձանագրությունը՝ 2 էջից բաղկացած եւ ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն»:

Ըստ երրորդ անձի, Ժողովի արձանագրության մեջ նշվել էր, թե համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող 55 անդամներից մասնակցել են 31-ը, սակայն. «ինչպես եւ ով է որոշել, թե ինչ իրավական հիմքերով են անդամ հանդիսանում, մասնակցելու իրավունք ձեռք բերում, պարզ չէ, ինչպես նաեւ փաստացի պատվիրակներ չեն եղել, այլ եղել են միայն անդամներ»:

Երրորդ անձը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաժողովի մասնակիցների անուն-ազգանունները նշված չէին համաժողովի ամբողջական արձանագրությունում, այնինչ պետք է նշված լինեն. «Ռեգիստր է ներկայացվել արտահերթ համաժողովի ամբողջական արձանագրությունը, այլ ոչ թե քաղվածքը, որի մեջ կարող էին չնշվել բոլոր մասնակիցների անուն-ազգանունները»: Նշվել էր, որ համաժողովին թույլ չեն տվել մասնակցել ՀՀ վաստակավոր մարզիչ Վ. Վարդանյանին, եւ էլի շատ վաստակաշատ անձանց, անդամների…

Դատարանն արձանագրել էր, որ գործի նյութերում առկա է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Ա. Գրիգորյանի 22.09.2023թ. քրեական վարույթը կարճելու մասին որոշումը: Այսինքն, անգամ քրեական գործ է հարուցվել, մինչ վարչական դատարան դիմելը:

Կարճման որոշմամբ արձանագրվել էր. «Ձեռք բերված փաստական տվյալներով չի հաստատվել այնպիսի հանգամանք, որ Վարդան Ղահրամանյանը եւ ֆեդերացիայի մասնակից բոլոր անդամները ու գործող մարզիչները ֆեդերացիայի նախագահ եւ ղեկավար կազմի ընտրության ժողովին, որտեղ պետք է ստանային մանդատ եւ ընտրեին ֆեդերացիայի նախագահ եւ ղեկավար կազմ, որեւէ դիտավորություն են ունեցել կատարելու ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը, վերջիններս չեն գիտակցել եւ չեն ցանկացել առաջացնել համապատասխան հետեւանքներ, այլ ելնելով իրադրությունից՝ 05.07.2022թ. Հրազդան քաղաքում տեղի ունեցող «Թաեքվոնդոյի» հուշամրցաշարի անցկացման ժամանակ ստորագրել են 07.06.2022թ. արտահերթ համաժողով հրավիրելու վերաբերյալ որոշման համար նախատեսված իրազեկման թերթիկը, որով հաստատել են իրենց համաձայնությունը ֆեդերացիայի նախագահ եւ ղեկավար կազմ ընտրելու վերաբերյալ»:

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը գրանցել «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրության եւ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը, անվավեր ճանաչել 2022 թվականի թիվ 211-Մ-10 մերժումը:

Գործը վերաքննիչ վարչական դատարանում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031