Դատապարտյալը տեղափոխվել է միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ
2021թ. փետրվարի 24-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գ.Ե.-ն դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Որոշման պահին նա արդեն իսկ կալանքի տակ անցկացրել էր 2 տարի 12 օր՝ նախաքննության եւ դատական քննության ժամանակահատվածը։ Ուստի վերջնական պատիժ նշանակվել էր ազատազրկում 7 տարի 5 ամիս 18 օր ժամկետով միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։
ՀՀ ԱՆ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տույժեր չունենալու եւ դրական վարքագիծ դրսեւորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ: Գ.Ե.-ն, պատժի կրման մեկ երրորդը լրանալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին դիմում է ներկայացրել՝ խնդրելով միջնորդել իր պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից փոխել միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ:
Գ.Ե.-ի դիմումը մերժվել էր հիմքով, որ վերջինս դատապարտվել է ազատազրկման 2021թ. փետրվարին, ուստի պատժի կրման մեկ երրորդը լրանում է 2025թ.-ին։ Այսինքն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չի հաշվարկել նախաքննության եւ դատական քննության ժամանակահատվածում կալանքի 2 տարի 12 օրը։
Կարդացեք նաև
ՀՔԱՎ-ը եւ գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել են Գ.Ե.-ի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպությունը նախ գրություն, ապա վերադաս բողոք է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որը մերժվել է։
Գ.Ե.-ի իրավունքների պաշտպանության համար իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ դատապարտյալի դիմումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ դատապարտյալին միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ տեղափոխելուն պարտավորեցնելու պահանջով։ Դատարանը քննության առնելով ներկայացված դիմումը, կայացրել է այն բավարարելու մասին որոշում։ Դատարանը նաեւ նշել է, որ նախնական կալանքի ժամանակահատվածը չի կարող դուրս մնալ ինչպես անվտանգային գոտու պայմանների փոփոխման, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետների հաշվարկման ժամանակ։ Այսպիսով, դատարանը գտել է, որ քրեակատարողական հիմնարկի կողմից կայացված որոշումը ոչ իրավաչափ է եւ պետք է վերացվի դատապարտյալ Գ. Ե.-ի իրավունքների խախտման փաստը։ Գործով մասնակցող դատախազի կողմից դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ապա Վճռաբեկ դատարան, սակայն դատարանները օրինական ուժի մեջ են թողել դատապարտյալի օգտին կայացված դատական ակտը։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Գ.Ե.-ն տեղափոխվել է միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ։
ՀՔԱՎ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2024