Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ
– Տիկին Պետրոսյան, համացանցից տեղեկացանք, որ «Բալետ 2021»-ը հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:
Ինչո՞ւ հենց Մարզահամերգային համալիրում:
– Բալետային արվեստը մշտական զարգացման մեջ է եւ այս պնդման լավագույն օրինակներից է Ակրամ Խանի «Ժիզել» բալետի բացառիկ մեկնաբանությունը, որը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա շուտով՝ մայիսի 10, 11-ին Ազգային օպերային թատրոնում դիտելու Անգլիայի ազգային բալետի կատարմամբ: Սակայն արվեստի ժամանակակից գործերի եզակի միջազգային հյուրախաղերը բավական չեն զարգացնելու հայ հասարակության գեղագիտական ճաշակը, աբստրակտ մտածելակերպը եւ հանդիսանալու ազգային ոգու ոգեշնչման աղբյուր:
Կարդացեք նաև
Համակարգային լուծումներ են անհրաժեշտ՝ դիվերսիֆիկացնելու բալետային արվեստի ոլորտը Հայաստանում, նպաստելու ժամանակակից հայ խորեոգրաֆիկ մտքի եւ արտիստների կատարողական հմտությունների զարգացմանը, եւ, ամենակարեւորը, երիտասարդ խորեոգրաֆների համար ստեղծագործական միտքը եւ կարողությունները զարգացնելու եւ իրացնելու հարթակի ստեղծմանը:
«Բալետ 2021» հիմնադրամը մշտապես հավատարիմ է եղել այս նպատակների իրագործմանը: Բազմաթիվ իրականացված ծրագրերը հստակ ցույց են տալիս «Բալետ 2021»-ի կարողությունը նախաձեռնել, ստեղծել եւ իրականացնել բազմատեսակ մշակութային ծրագրեր, որոնք ծառայում են հանրությանը, ինչպես նաեւ նպաստում են Հայաստանում արվեստի զարգացմանը:
Այդ ծրագրերից են խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետը, որը հայկական կատարողական արվեստի մինչ այժմ միակ գործն է, որը ներկայացնում է հայկական արվեստը եւ մշակութային ժառանգությունը 60 միլիոն բաժանորդ ունեցող ֆրանսիական Mezzo TV-ի եթերում: 2023թ. «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հետ համատեղ իրականացրել ենք «Երիտասարդ խորեոգրաֆների երեկո» նախաձեռնությունը: Ի դեպ, հիշեցնենք 2017թ. Շառլ Ազնավուրին նվիրված «Լա բոհեմ» բալետային ներկայացումը, որի պրեմիերային մեծանուն շանսոնյեն անձամբ էր ներկա գտնվել:
Ձեռքբերումների զարգացման շարունակականությունը եւ երկարաժամկետ ազդեցությունն ապահովելու նպատակով բացառիկ համագործակցություն է ձեւավորվել Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի եւ «Բալետ 2021» հիմնադրամի միջեւ: Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Կարեն Ղազարյանի, շատ լավ պատկերացում ունի ժամանակակից արվեստի զարգացման հիմնախնդիրների, դրանց լուծման հեռանկարների եւ ռազմավարության վերաբերյալ: Մարզահամերգային համալիրը՝ իր ողջ ենթակառուցվածքով եւ պրոֆեսիոնալ անձնակազմով նոր հարթակ կհանդիսանա նորարար արվեստի գործեր ստեղծելու եւ հայ հանդիսատեսին, ինչպես նաեւ երկրի հյուրերին ներկայանալու համար:
– Կարո՞ղ ենք ենթադրել, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, թե սա միանգամյա նախաձեռնություն է:
– Առաջին ծրագիրը կիրականացվի ս.թ. հունիսի 15-ին: Հանդիսատեսին սպասվում է բացառիկ երեկո, որի ընթացքում կներկայացվի Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան Հովանոցներ» բալետի պրեմիերան, որը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնակի ֆինանսավորմամբ՝ դրամաշնորհի տեսքով եւ «Ֆասթ Բանկ»-ի հովանավորչությամբ:
«Շերբուրգյան Հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ միջազգայնորեն ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի կողմից:
Սա կլինի սյուժեի, երաժշտության, դասական, ժամանակակից, հիփ-հոփ պարային ոճերի եւ գեղարվեստական գիմնաստիկայի կատարյալ համադրություն:
Ինչպես արդեն նշեցի, ծրագրում է նաեւ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը, որը բեմադրվել է մեծանուն Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Այնուամենայնիվ, բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը եւ ոչ միշտ է արտացոլում նրա երգերի բովանդակությունը, այլ հանդիսանում է նրա կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների մետաֆորը: Խորհրդանշական է, որ «Լա Բոհեմ» բալետը վերականգնվում է մեծն Ազնավուրի հոբելյանական տարում եւ լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Ներկայացումներում ընդգրկված են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիրված արտիստներ Սյուզի Փիրումյանը, Րաֆֆի Գալստյանը, Նարե Մարկոսյանը, Գարեգին Բաբելյանը, ինչպես նաեւ տարբեր ոճի անկախ կատարողներ: Այս պահին դեռ նախատեսված է հունիսի 15-ի ներկայացումները, սակայն արդեն ձեւավորված մասնագիտական թիմը կաշխատի, որպեսզի ծրագրերը լինեն պարբերական եւ բազմազան:
– Ինչպե՞ս եք տեսնում ծրագրի շարունակականությունը:
– Մենք տարբեր ծրագրերի շուրջ կհամախմբենք կայացած ստեղծագործողների եւ երիտասարդ խորեոգրաֆների, տարբեր ոճի կատարողների ու ոլորտի զարգացմանը մասնակից մասնագետների՝ երաշխավորելով նրանց երկարաժամկետ եւ պրոֆեսիոնալ մակարդակի զբաղվածությունը:
Հեռանկարում նախատեսվում է պարարվեստի ակադեմիայի հիմնումը ու նոր եւ անկախ բալետային խմբի ստեղծումը, որը հարթակ կհանդիսանա փորձարարական եւ նորարարական ստեղծագործական ծրագրեր իրականացնելու համար՝ ապահովելու պարարվեստի բազմազանությունը, տարբեր ոճի կատարողների եւ բեմադրողների մասնագիտական ու ստեղծագործական կարողությունների իրագործումը եւ ստեղծագործական հմտությունների զարգացումը՝ Հայաստանում ու արտերկրում հանրահռչակելու արդի հայ արվեստը:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.04.2024