Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«300-400 հայ մարդ, կներեք էդ բառը պիտի ասեմ, ղժժում էին մեր ազգային արժեքի վրա»․ Տեր-Աբելը Կիրանցում՝ երեկոյան զրույցի ժամանակ

Ապրիլ 30,2024 23:58

«Մենք հիմա կանգնած ենք քաղաքակրթական լրջագույն մարտահրավերի առաջ։ Մեր լինելության ապացույցը նախ մեզ համար պիտի ունենանք, որ կարողանանք ձևավորել՝ ինչ է հայկական պետությունը»,-Կիրանցում երեկոյան զրույցի ժամանակ ահազանգեց տեր Աբել քահանա Քարտաշյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, հետադարձ հայացք նետելով մեր պատմությանն, ասաց․ «Մեզ մոտ շատ խորքային խնդիրները սկսել են Անկախությունից։ 1994-ին, երբ ազատագրեցինք Արցախը, բացի նրանից, որ դա պատմական իրադարձություն էր, մենք կարողացանք նաև կոտրել հազարավոր միֆեր․ մեր անզորության և անկարողության բոլոր միֆերը կոտրեցինք։ Բայց հանկարծ 1995-1996-ին առաջ բերվեց թեզ, որ մենք իրականում դերակատար չենք․ վերին ատյանները ոնց կորոշեն, այդպես էլ կլինի։ Սա գիտության մեջ համարվում է քաղաքակրթական հանցագործություն, որ ազգին սուբյեկտայնությունից զրկում եք։ Սա քաղաքական հանցագործություն է»։

Տեր Աբելն էլ հավելեց․ «Այդ ժամանակ մի վտանգավոր քաղաքական միտք գեներացվեց, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»։

Անդրադառնալով խաղաղասիրությանը՝ Սուրեն Պետրոսյանը նկատեց․ «Խաղաղասեր միայն կարող են լինել ուժեղն ու հզորը, քանի որ խաղաղասիրությունն ընտրություն է։ Մենք այսօր անօգնական ենք, մենք այլ ընտրություն չունենք, դրա համար մենք խաղաղասեր չենք»։

Արևմտականության հետ կապված էլ Սուրեն Պետրոսյանն ասաց․ «Դա այն է, երբ դու հայելային կերպով բերում ես ձևը, բայց բովանդակություն չկա։ Աշխարհում չկա մի պետություն, որը գնացել է վեստերնիզացիայի ճանապարհով ու հաջողել է․ բոլորը տապալվել են։ Այն պետությունները, որոնք գնացին վեստերնիզացիայի ճանապարհով, այդ պետություններն ունեն երկու ծայրահեղություն՝ մեկը ծայրահեղ գավառական ազգայնամոլությամբ է տառապում, մյուսը՝ անհայրենիք կոսմոպոլիտիզմը՝ ազատականություն։ Միջին չկա։ Մերը դասական օրինաչափ այս վիճակն է»։

Ըստ Տեր Աբելի՝ կործանարար է որևէ ծայրահեղական միտք վերցնելն ու փորձել դա առաջ տանելը․ պետք է ինքդ քեզ նույնականացնես․ «6000 տարեկան եմ ես։ Այս համազգեստը հարմար էլ չէ շոգին երկար շորերով, բայց ես ձեր հիշողությունն եմ, որ դու իմանաք՝ նույնականացման կետ ունեք, որտեղ կարելի է նույնականանալ»։ Այս առիթով Տեր Աբելը տհաճ ու անընդունելի մի իրավիճակ հիշեց, երբ ծաղրի է ենթարկվել ազգայինը․ «Մի՝ ազգային համազգեստ հագած մարդ էր ու իբր թվացյալ հումորային հաղորդման ժամանակ 300-400 հայ մարդ, կներեք էդ բառը պիտի ասեմ, ղժժում էին մեր ազգային արժեքի վրա։ Ավելի վիրավորական բառ չեմ ուզում ասել՝ ձայները կենդանիների հետ համեմատել»։

Քահանան ցավով նշեց նաև, որ կուսակցական քաղաքականությունն ամուլ է գաղափարախոսությունից․ «Ցավով եմ ասում, որ մեր կուսակցական իրականությունը քաղաքական ամուլ է գաղափարախոսությունից։ Թե չէ մտքեր գեներացնելու պակաս չկա՝ 121 և ավելի են։ Մենք վերջնականապես պիտի հասկանանք՝ թոթափվենք այդ ամենից և իրական մեր պետության լինելիության նպատակ սահմանենք, պետությունը ծառայացնենք միջոց մեր ընդհանրական կյանքը ճիշտ կազմակերպելու համար։ Դա պետք է դառնա գաղափարախոսություն, որ բոլոր հայերը հասկանան։ Եթե հասկացան՝ ամեն ինչ ընկնելու է իր տեղը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930