ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրերին, արժեւորել են մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` նշելով, որ դրանք կարեւոր են երկրի կայուն զարգացման եւ կյանքի որակի բարելավման տեսանկյունից:
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Աննա Մկրտչյանի դիտարկմամբ ակտիվ չի ընթանում համաձայնագրի կիրարկման գործընթացը: Պատգամավորը, կարեւորելով ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության մարդասիրական խնդիրների լուծման հարցում ԵՄ օժանդակությունը, բարձրացրել է տեղահանվածների ինքնորոշման իրավունքի եւ վերջիններիս` իրենց բնակավայրեր վերադարձին առնչվող հարցերը:
Արթուր Խաչատրյանը եւ Արմեն Գեւորգյանն էլ խոսել են տարածաշրջանում առկա անվտանգային վիճակի մասին, անդրադարձել Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության հետ կապված խնդիրներին:
ՀՀ Ազգային ժողով