Պատասխանելով հարցին, թե մարզումներն ինչպես է կազմակերպում, եթե սպորտի պետական կառույցի հետ արդյունավետ համագործակցության վիճակը վատ է, ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասաց. «Ես դեկտեմբեր ամսին Եվրոպայի, աշխարհի առաջնություններից հետո ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւատրում։ Դա պետականորեն որոշված, օրինական բան է, որից արդեն ծախսել եմ 20 միլիոնը դրանց վրա։ Մնացել է 6-ը։ Գուցե, թույլ տան’ ես հեռանամ, որովհետեւ եթե մնացի, կծախսեմ։ Ահա, թե ինչքան տխուր է վիճակը։
Սրանցից առաջ մի նախարար կար։ Անունը կհիշեք։ Նախորդ օլիմպիական խաղերի տարվա մայիս ամիսն էր։ Երբ լրագրողները հանդիպման ժամանակ հարցրին. ինչ եք մտածում, օլիմպիական խաղերի ինչպիսի պատրաստություն են մարզիկներն անցնում, հարցրեց, թե երբ է լինելու օլիմպիական խաղերը։ Մարդ է, կարող էր չիմանալ։ Ասացին հուլիսի 20-ից հետո։ Պատասխանեց, թե 25 օր դեռ կա, ինչ եք շտապում։ Հասկանո՞ւմ եք, խոսքը օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին էր։ Հայկական սպորտը գնում է կործանման»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը եւ հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ այս օլիմպիական խաղերից հետո գնա այլ պետություն աշխատելու։
«Գլխավոր մարզիչ աշխատելու մի քանի առաջարկներ ունեմ այլ պետություններից, այդ թվում նաեւ Չինաստանից, որը ծանրամարտի ամենահզոր պետությունն է։ Նրանք զարմացած են, թե ոնց կարող է մարզիչը մրցավայր բերի թիմ եւ յուրաքանչյուրի համար մտածի մեդալ վերցնելու մասին։ Ի դեպ, մենք անցած տարի միավորների քանակով առաջ անցանք Չինաստանից»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը, որի ղեկավարած հավաքականը մրցաշրջան 2023-ում Հայաստանի համար վաստակել է ընդհանուր առմամբ 143 մեդալ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ