Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բռնությունների այս նոր ալիքի առնչությամբ մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում գործընկերներին».ՀԿ-ներ

Ապրիլ 30,2024 22:10

Ապրիլի 30-ին Ազգային ժողովի կենտրոնական մասնաշենքի մոտ ֆիզիկական բռնության է ենթարկվել «Civic.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող և վերջինիս օգնական ներկայացող Արթուր Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վեճի բռնվել և հարվածել նրա դեմքին՝ մեղադրելով «սրբապղծության» մեջ։ Սուքոյանը, ըստ Դավիթ Լևոնյանի, նկատի է ունեցել օրեր առաջ լրագրողի անձնական յութուբյան ալիքի եթերում արտահայտած տեսակետը, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սպասարկում է ռուսական շահերը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ դրսևորված անհանդուրժողականությունն ու կիրառված բռնությունը։ Եթե նույնիսկ լրագրողի յութուբյան նյութում վիրավորանք կամ զրպարտություն է եղել, այդ խնդրի լուծման համար իրավական ճանապարհներ գոյություն ունեն, և ուժի կիրառումը որևէ արդարացում չի կարող ունենալ։

Ակնհայտ է, որ վերջին օրերին երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի որոշակի սրացումներին զուգահեռ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և օպերատորների վրա հարձակումների, տարատեսակ ճնշումների նոր ալիք է բարձրացել։ Սա չի կարող չառաջացնել խորը մտահոգություն ու վրդովմունք, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ բռնությունները, որպես կանոն, իրավական գնահատական և հետևանք չեն ունենում, ինչը նպաստում է նմանատիպ միջադեպերի ավելացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

  • իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ և օբյեկտիվորեն հետաքննություն իրականացնել այս և նախորդ օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կիրառված բռնությունների փաստերի առնչությամբ և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը,
  • պատգամավոր Լևոն Քոչարյանից՝ հանդես գալ հայտարարությամբ․ կիրառված բռնության համար հայցել լրագրողի ներողամտությունը և գնահատական տալ իր օգնականի արարքին։

ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բռնությունների այս նոր ալիքի առնչությամբ մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում գործընկերներին, կոչ ենք անում իշխանություններին ու բոլոր ընդդիմադիր ուժերին հանդուրժողականություն և քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել լրագրողների և օպերատորների նկատմամբ՝ անկախ այն բանից, թե որ «ճամբարի» հետ են ասոցացվում նրանց լրատվամիջոցները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930