Ազատության հրապարակում այսօր մեկնարկեց տավուշցիներին աջակցելու եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով հերթական հանրահավաքը, որին հաջորդեց քայլերթը։
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ասաց, որ այսոր սոցիալական ցանցերում մի տեսանյութ է աչքով ընկել։ «Ինչ որ մի մարդ ջուրը թափում է սեղանին, լղոզում, հետո բժշկական տեսանկյունից կասկածելի ժպիտով նայում է այդ ջրին, թափում իր վրա։ Հետո իմացա, որ դա վարչապետն է։ Սա իմիջիայլոց։
Սիրելի ժողովուրդ, մեր պայքարը շարունակվում է եւ ավարտվելու է միայն, երբ որ մենք հաղթենք եւ Առաջին Հանրապետությունը վերածնվի։ Եվ այն ժամանակ սկսվելու է պետականաշինության դժվարին ընթացքը, որը շատ ավելի դժվար է լինելու, քան այս պայքարը»,-ասաց նա եւ նշեց, որ իրենց դիմադրության շարժումը արդեն արձանագրել է առաջին արդյունքները։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 24-ին ԱԺԲ անդամների եւ աջակիցների ծեծուջարդին՝ Վահե Գասպարյանը դա որակեց որպես աննախադեպ Երրորդ Հանրապետության պատմության մեջ։ «Այդպիսի բան չէր եղել նույնիսկ նախկինների ժամանակ։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այդ տեսանյութերը, լուսանկարները մենք ուղարկել ենք ուր որ պետք է, ում որ պետք է։ Այդ ոստիկանների դեմքերը’ գեներալից, գնդապետից, մինչեւ սերժանտ, գնացել է ում որ պետք է, ուր որ պետք է։ Եվ հետո շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համապատասխան կառույցներում»,-ասաց նա։
Վահե Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց երեք համակիրներ, որոնք ԱՄՆ քաղաքացիություն ունեն, դիմել են ԱՄՆ դեսպանատուն եւ մի ամբողջ ժամ մանրամասն պատմել են, թե ինչպես է հայ ոստիկանը իրենց ծեծել, մազերից քաշել, մազերից բռնել, որ դեմքը նկարեն եւ այլն։ Պատմել են, թե ինչի են եկել Հայաստան` լինելով ԱՄՆ քաղաքացի, ինչի են մասնակցում Բեւեռի ցույցերին, ինչ է իրենից ներկայացնում Բեւեռը, Նիկոլ Փաշինյան երեւույթը եւ այլն»։
Վահե Գասպարյանի խոսքի ավարտին, հավաքի մասնակիցները սկսեցին սկսեցին քայլերթը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ