AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին.
«Ապրիլի 29-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը` դատավոր Լուսինե Ալավերդյանի գլխավորությամբ, մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Ապրիլի 22-ին նույն դատավորը մերժել էր «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված վերաբերյալ բողոքը։
Ըստ էության, Հայաստանում գործող վարչախմբի անմիջական հրամանով` Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ազատ խոսքի կամաարտահայտման համար կալանավորված մեդիագործունեությամբ զբաղվող անձանց երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը։ Գործող վարչախումբը և նրան անմիջականորեն աֆիլացված դատական իշխանությունը՝ այս դեպքում` Վերաքննիչ դատարանը, հերթական անգամ ապացուցում են, որ շարունակում են թքած ունենալ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսիք են մարդու հիմնարար իրավունքները` ազատ կամարտահայտումն ու քաղաքական քննադատությունը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և նույն օրն էլ կալանավորվել այն բանի համար, որ փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում խիստ քննադատության են ենթարկել գործող ռեժիմի պարագլխի կողմից իրականացվող քաղաքականությունը Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու համատեքստում։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակազմի ներքո։
AntiFake.am կայքի խմբագրությունը խստորեն դատապարտում է փաշինյանական ռեժիմի հրահանգով ընդդիմադիր գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` Վերաքննիչ դատարանի կողմից կալանքի դեմ բերված բողոքը մերժելու ապօրինի որոշումը: Մենք սա դիտարկում ենք որպես փաշինյանական վարչախմբի կողմից հատկապես այս օրերին Տավուշում իր պետականակործան քաղաքականության իրականացման ճանապարհին ամեն գնով ազատ խոսքը, քաղաքական այլախոհությունը ճնշելու և իր քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու դրսևորում:
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին գնահատական տալ ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և հատկապես իշխանության կցորդ հանդիսացող Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերոգրյալ աղմկահարույց որոշմանը»:
AntiFake.am-ի խմբագրություն