Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունում ենք ԵԽ բանաձևը, որը պարունակում է հարցադրումներ Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Ապրիլ 30,2024 18:54

Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։

Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։ Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների ընթացքում հորդորվել է նաև կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պարունակում է առանցքային հարցադրումներ, մասնավորապես Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով։ Սակայն անհրաժեշտ էր շեշտել նաև, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած կառավարությունը չի կարող ապահովել վստահելի և արդարացի համագործակցություն ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններում։ Եվրոպական խորհրդարանը, ելնելով խնդիրների քննարկման իր բացառիկ իրավասությունից, պետք է բարձրաձայնի Լեռնային Ղարաբաղից 2020-2023 թթ․ ընթացքում ավելի քան 150 հազար բռնի տեղահանված հայության ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականգնման մասին և դիմի այս ուղղությամբ գործնական քայլերի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, խոսելով ադրբեջանական վարչակարգի և դրա հանցագործ տարրերի մասին, պետք է նաև տեղեկացված լինեն, որ ադրբեջանական նախորդ վարչակարգերը ևս տառապել են հակահայկականության ռասիստական ախտով և յուրացրել դրանից բխող ցեղասպանի պիտակները։ Ահավասիկ, 1988թ․ Սումգայիթի կոտորածի կազմակերպիչները ոչնչով չեն տարբերակվում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մերօրյա պատասխանատուներից։ Նմանապես և 1990թ․ Բաքվի, Գանձակի, 1992թ․ Մարաղայի կոտորածների ճարտարապետները վերածվել են հերոսների, որոնց օրինակով դաստիարակված սերունդներն արդեն իսկ կրում են ռամիլսաֆարովական և քամալզեյնալըական մարդախեղման պրակտիկ դրոշմը։

Նման գործընթացները չպետք է ընդունելի լինեն ոչ Եվրոպական խորհրդարանի, ոչ Եվրոպական Միության, ոչ էլ առհասարակ եվրոպական և համաշխարհային հանրության համար, որը մեկ անգամ չէ, որ անհանդուրժելի է համարել բռնատիրական վարչակարգերի գոյությունն ու տապալել դրանք։ Ադրբեջանական իշխող վարչակարգն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի որջի, որը ահաբեկման է ենթարկում ողջ տարածաշրջանը՝ իրեն վերագրելով խնդիրների լուծման վարչահրամայական ֆունկցիան և ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր ասպեկտները։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930