Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ եք ձեռ առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, սահմանազատումը գուլպա չէ»․ Արթուր Խաչատրյան

Ապրիլ 30,2024 19:00

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող գործընթացներին։

«Երկու փաստաթուղթ կա, առաջինը՝ ապրիլի 19-ի սահմանազատման եւ սահմանային անվտանգության գծով Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը  եւ երկրորդը՝ Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը: Առաջին հայտարարության մեջ նշվում է, որ «սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվել է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի եւ ստորագրվի կողմերի միջեւ մինչեւ 2024 թվականի մայիսի 15-ը։ Համաձայնել են, որ կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաեւ, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»։ Ավելի պարզ ու ընկալելի լեզվով՝ մինչեւ վերջնական սահմանազատումը այդ հատվածը համարում ենք սահմանազատված, այլեւս դրան հետ չենք դառնալու»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա մեջբերեց նաեւ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ այն հատվածը, որտեղ նշվում է․  «Հարկ է նկատել, որ հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը»։

«Ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում։ Ցավոք սրտի, ոչ փոխվարչապետն է այստեղ, ոչ Արդարադատության նախարարը։ Ժողովուրդ, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում, այսինքն՝ եկեք հլը մի հատ սահմանազատենք, հետո վաղը չէ մյուս օրը գանք մի հատ էլ սահմանազատենք, հետո էն մյուս օրը, երբ անձրեւ գա, գանք մի քիչ էս կողմ սահմանազատենք։ Ո՞ւմ եք ձեռ առնում, ի՞նչ է նշանակում նախնական սահմանազատում։ Սահմանազատումը գուլպա չէ, որ սեփական հիգիենային հետեւող ամեն մարդ ամեն առավոտ պետք է փոխի։ Մի փորձեք անտրամաբանական, բայց գեղեցիկ հնչող բառերով մոլորեցնել մեր հանրությանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930