Լրահոս
Օրվա լրահոսը

«Օղակ» օպերացիան հերթական օղակը դարձավ բնիկ էթնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության քրոնիկոնում, որն առ այսօր չի ավարտվել. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ապրիլ 30,2024 18:24

Հայության նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների հերթական լայնամասշտաբ դրսևորումը «Օղակ» («Կոլցո») գործողությունն էր, որը օրինականացված ահաբեկչական ակտ էր՝ ուղղված Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջանների, Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի մի շարք հայաբնակ գյուղերի, Գետաշենի ենթաշրջանի, ինչպես նաև ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Իջևանի և Շամշադինի շրջանների գյուղերի բնակչության դեմ։ 1991թ․ ապրիլի 30-ին «Օղակ» գործողության թիրախում առաջինը հայտնվեցին Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայկական գյուղերը: Անզեն խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող այս հանցագործ ծրագիրն իրականացվում էր ԽՍՀՄ Անդրկովկասյան օկրուգի 4-րդ բանակի 23-րդ մոտոհրաձգային և Շամխորում տեղակայված 104-րդ օդադեսանտային դիվիզիաների ստորաբաժանումները, ԽՍՀՄ ՆԳՆ Բաքվի գնդի ստորաբաժանումները, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները։ Թեև խորհրդային զորքերը մասնակցություն են ունեցել հայ բնակչության նկատմամբ ահաբեկչությանը՝ շրջափակման ենթարկելով հայկական բնակավայրերը, սակայն հայկական գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ փաստացի պատերազմական հանցանքների և բռնի տեղահանման որոշումները կայացվել են ադրբեջանական բարձրաստիճան պետական կառավարման մարմինների որոշումներով, Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի անմիջական հրամանի, հսկողության և ցուցման պայմաններում։ Իսկ շրջափակված հայկական բնակավայրերի դահճի դերը ստանձնում էին ադրբեջանական օմոնականները։ Ժամանակի քաղաքական մթնոլորտը խիստ նպաստավոր էր ադրբեջանական վարչակարգի համար՝ կյանքի կոչելու հայկական հոծ բնակչության ահաբեկման անցյալից փոխանված գործելակերպը։

Տեղի հայ բնակչության նկատմամբ բռնություններն ու սպառնալիքները սկսվել էին շատ ավելի վաղ։ Դեռևս մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև՝ կոչ անելով ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովին վերջ դնել Ղարաբաղի և հարակից հայաբնակ շրջանների բնակչության կանխամտածված և բռնի տեղահանությունը, դադարեցնել բնակիչների անվտանգության նկատմամբ ոտնձգությունները։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց սկսվեց Գետաշենի և Մարտունաշենի նկատմամբ տեղային բնույթի ցեղասպանական ակտը։

33 տարի առաջ այս օրերին Գետաշենն ու Մարտունաշենը շրջապատվեցին ռազմական ծանր տեխնիկայով, սկսվեց գյուղերի գնդակոծումը՝ զուգահեռված խաղաղ բնակչության ջարդով, ապա՝ բռնի տեղահանմամբ։ Տեղի հայ բնակչության կրած աննկարագրելի տառապանքները, բռնությունները՝ առանց սեռի և տարիքի խտրականության, ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի հայատյացության և դրա գործնական կիրառման շրջանակներում։ Երկու գյուղերում ադրբեջանական բռնարարքների, սպանդի զոհ դարձան հազարավոր մարդիկ, հարյուրավորները գերեվարվեցին և այդպես էլ չվերադարձան, տասնակ հազարավոր հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։ Ժամանակակիցները և ականատեսները զարհուրելի տեսարաններ են նկարագրում, որոնք կարծես կրկնում են 1918 թ․ Բաքվի, 1919 թ․ Ագուլիսի, 1920 թ․ Շուշիի, 1988 թ․ Սումգայիթի և 1990 թ․ Բաքվի կոտորածների տեսարանները։

Այս իրադարձությանը անդրադարձել է նաև ժամանակի համաշխարհային մամուլը՝ օբյեկտիվ գնահատականներ տալով ադրբեջանական իշխանությունների կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությանը։ ԱՄՆ Սենատը 1991թ. մայիսի 17-ին նույնպես բանաձև է ընդունել, որը կոչ է արել դադարեցնել հայերի նկատմամբ բռնությունները։ Սակայն ո՛չ միջազգային արձագանքները, ո՛չ ընդունված դատապարտող բանաձևերը ի զորու չեն եղել կանխելու ո՛չ Գետաշենում և Մարտունաշենում տեղի ունեցածը, ո՛չ էլ հետագայում հայկական մյուս բնակավայրերում հայկական կոտորածներն ու էթնիկ զտումները, ինչը ցույց է տալիս, որ պատժի ու պատասխանատվության ճկուն մեխանիզմի բացակայությունը ոչ պակաս հանցածին երևույթ է։ Գետաշենից և Մարտունաշենից առաջ հայաթափվել էր Սումգայիթը, Բաքուն, իսկ «Օղակ» օպերացիան իրապես հերթական օղակը դարձավ բնիկ էթնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության քրոնիկոնում, որն առ այսօր չի ավարտվել և շարունակում է վերարտադրվել ժամանակակից տարբեր փաթեթավորումներով՝ խորքում պահելով հիմնականը՝ հայատյացությունը, որը ուղեկցել է ադրբեջանական բոլոր վարչակարգերին՝ սկսած Ադրբեջանի կառավարության առաջին ղեկավար Ֆաթալի Խան Խոյսկուց մինչև մերօրյա ալիևյան բացարձակ միապտական շրջանակներ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր հարգանքի տուրքն է մատուցում «Օղակ» գործողության հետևանքով սպանված անմեղ զոհերի հիշատակին։ Մենք դատապարտում ենք Գարդմանի հայության կենսական իրավունքների ոտնահարման այս հերթական դրվագը, որը մինչ օրս չի արժանացել իրավական, քաղաքական և բարոյական արժանի գնահատականի։ Հետևաբար կոչ ենք անում միջազգային հանրությանը հաշվի առնել ինչպես «Օղակ» գործողության, այնպես էլ ադրբեջանական ռասիստական հայատյացության ամբողջական շղթան Ադրբեջանի նման ահաբեկչական ամբողջության հետ հարաբերություններ զարգացնելիս և անդադար բարձրաձայնել ու աջակցել գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքին։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930