Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը զղջալու նախկինում Ադրբեջանին հանցակից դառնալու համար՝ հունգարական իշխանությունները անասելի ճիգեր են գործադրում՝ հաճոյանալու մի պետական միավորի, որը քաղաքակիրթ աշխարհում վերածվում է քաղաքական վտարանդիի. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ապրիլ 30,2024 18:00

Ինչպես հայտնի դարձավ, Հունգարիան փորձում է արգելափակել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում։ Հունգարիայի ապակառուցողական գործելակերպը վաղուց է հայտնի միջազգային հանրությանը։ Դեռևս 2004թ․ Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացի շրջանակներում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ճանաչվելով մեղսունակ և դատապարտվելով ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Սակայն ընդամենը 8 տարի անց Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին՝ հերոսացվելով և արժանանալով պետական և հանրային բարձր պատիվների։ Հունգարիան դրանով իսկ մեղսակից դարձավ մի հանցավոր գործընթացի՝ հայատյացությանը, որն այսօր էլ Ադրբեջանում չի դադարել, այլ շարունակում է ապահովել իր հաղթարշավը՝ շնորհիվ պատժի ու պատասխանատվության մեխանիզմների անբավարար դրության։

Այժմ Հունգարիան, որը 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից հետո նվազագույնը պետք է բարձրաձայներ հայ փախստականների անվտանգ և երաշխավորված վերադարձի մասին, ցանկանում է արգելափակել Հայաստանին օժանդակության տրամադրման գործընթացը՝ իրավական և առավել ևս բարոյական որևէ հիմք չունենալով, այլ հիմնվելով քաղաքական միակողմանի և անառողջ ընտրանքայնության վրա։

2012թ․ հունգարական քաղաքական վերնախավը «վաճառեց» Ռամիլ Սաֆարովին՝ վաճառվելով Բաքվի նավթադոլարներին արդարադատ աշխարհի աչքի առաջ։ Այժմ Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին տրամադրվելիք աջակցության գործընթացին՝ կրկին վաճառվելով ադրբեջանական էժանագին քարոզչախաղերին՝ Հայաստանի զինումը թույլ չտալու վերաբերյալ։ Մինչդեռ Հունգարիան բարձրաձայնում է Ադրբեջանին ևս օժանդակության տրամադրման մասին, և բնական հարց է առաջանում, թե ինչի համար։ Ադրբեջանն առանց այն էլ վերածվել է տարածաշրջանային դեսպոտիզմի կենտրոնի, որը ռազմական սպառնալիք է ներկայացնում կայունությանն ու խաղաղեցմանը։ Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար դիմել է ռազմական խոշորամասշտաբ և տեղային պատերազմական-ռազմական գործողությունների, որոնց արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է Լեռնային Ղարաբաղը, օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքը, իսկ Հունգարիան արդյո՞ք գեթ մեկ դատապարտող հայտարարություն հնչեցրել է այս կապակցությամբ, արդյո՞ք նման վարքը հանցակցություն չէ ցեղասպանական ակտերին։ Հետևապես Հունգարիան և ցանկացած երկիրը, որը կաջակցի ադրբեջանական ծավալապաշտությանը, չի դատապարտի այն, հավասարապես կկիսի մարդկության դեմ կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի ապակառուցողական վարքը և սթափության ու արդարամտության կոչ անում հունգարական քաղաքական վերնախավին։ Փոխարենը զղջալու նախկինում Ադրբեջանին հանցակից դառնալու համար և աջակցություն հայտնելու տարբեր ժամանակներում ադրբեջանական հանցավոր քաղաքականությունից տուժած ԼՂ հայության, գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության վերադարձի, գույքի փոխհատուցման իրավունքների վերականգնմանը՝ հունգարական իշխանությունները անասելի ճիգեր են գործադրում՝ հաճոյանալու մի պետական միավորի, որը քաղաքակիրթ աշխարհում հետզհետե վերածվում է քաղաքական վտարանդիի։ Հունգարիայի ժամանակավոր իշխանությունները կգան և կգնան, սակայն պետության վարկանշին հասցված վնասը, ցեղասպանին հովանավորողի պիտակը կուղեկցի հաջորդներին դեռ երկար ժամանակ:

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930