Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությանը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում». Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 30,2024 17:56

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Առաջին կետում նշված է, որ «սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»:

Տիգրան Աբրահամյանն ասաց. «Սա բացարձակ սուտ է: Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988թ․ արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում` քարտեզները շատ ճշգրիտ էին`մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր: Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճեն տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։ Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները:

Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում: Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն: Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ`ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունեցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։

Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կա´մ ոչնչացվել են, կա´մ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել: Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին: Դատախազությանը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930