Այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր վրդովմունքը արտահայտեց իշխանական լրատվամիջոցի՝ civic.am-ի լրագրողի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված: Հիշեցնենք, որ, ՔՊ-ականները ահազանգել են, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է նրան՝ Բագրատ սրբազանի մասին գրառման համար:
Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ես ուզում եմ խստորեն դատապարտել քիչ առաջ ԱԺ շենքում ՀՀ երկրորդ նախագահ, ժողովրդի լայն շրջանակներին որպես «ալբանացի» հայտնի Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահ-օգնականի կողմից լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը բացահայտ: Սա կարելի է ասել հերթական դրսեւորումն է աննախադեպների շարքից, որ տեղի է ունենում փաստացի, ուզում եմ բոլորը լավ հասկանան, որ նմանատիպ երեւույթները ՀՀ-ում տեղ չունեն եւ «Հայր մերը» չսովորած ինչ-որ տարատեսակ արարածների որդիներ ու որդիների ախրաննիկներ ու տարատեսակ երեւույթներ թող իրանց մտքի ծերով էլ չանցկացնեն, որ լրագրողների վրա կարելի ա ձեռք բարձրացնել»:
Հիշեցնենք, որ լրագրողների իրավունքները պաշտպանող Վահագն Ալեքսանյանը ոչ վաղ անցյալում լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ, անբարոյականներ»:
ՔՊ խմբակցության քարտուղարը Քոչարյաններին հիշեցնում էր, որ ԱԺ-ն «Պապլավոկը» չի, այդ շենքում չի կարելի լրագրողներին նեղացնել: Իսկ երբ նույն շենքում իրենց խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր գոռգոռում ու անպատվում ԱԺ-ում հավատարմագրված, իր մասնագիտական գործունեությունն իրականացնող «Առավոտի» լրագրողին, նրա «ցեղին, ծնողներին», ՔՊ-ից ոչ միայն որեւէ կերպ չսաստեցին ու չդատապարտեցին, այլեւ ՔՊ-ն տեսանյութը տեղադրեց իր պաշտոնական էջում՝ անգամ չմոդերացնելով ու չֆիլտրելով իր ընտրազանգվածի հայհոյախառը մեկնաբանությունները լրագրողի հասցեին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ