«Մեր պետությունը մնացել է այն փոքրիկ կղզյակը, որտեղ հայը որպես հայ դեռեւս շարունակում է գոյություն ունենալ եւ պահպանել իր ինքնությունը՝ ի հեճուկս Թուրքիայի եւ անգլոսաքսոնական ծրագրերի: Մեր պետությունը դեռ կարողանում է դիմանալ եւ հասկանալ այդ ծրագրերի իրականացման ընթացքը »,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Հավելեց, որ Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ առանձնապես ակնկալիքներ չուներ, որովհետեւ ամեն ինչ պարզ էր. «Ամբողջ գործընթացն ինձ ի սկզբանե հասկանալի էր, սակայն մարդկանց մեջ մինչեւ այսօր դեռ այդ հավատը նստած է, որ տվյալ անձը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) երեւի չի հասկանում, չի պատկերացնում, ու եթե բացատրեն, այդ սխալը կուղղվի: Մարդիկ մտածում են, որ նրա գործողությունները անկարողության, չիմացության դրսեւորումներ են, ոչ թե միտումնավոր իրականացվող կոնկրետ ծրագիր:
Եթե այս գործընթացն արվեր այնպես, ինչպես արվում է նորմալ պետության պարագայում, ուրեմն պետք է բոլոր խնդիրներն ի սկզբանե ցուցակագրվեին, բոլոր հնարավոր քարտեզները, իրավական հիմքերը, բոլոր մասնագետների հետ մեջտեղ բերվեին, քննարկվեին, Հայաստանի համար ընդունելի տարբերակները որպես հիմք արձանագրվեին: Ընդ որում, դա պետք է արվեր ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ներկայացուցիչների եւ մասնագիտական բոլոր կառույցների հետ՝ քարտեզագիրներից սկսած մինչեւ ջրմուղ-կոյուղու աշխատակիցներ, որովհետեւ այնտեղ հազար ու մի հարց կա: Էլ չեմ ասում՝ բանակը, անվտանգային համակարգը եւ այլն, եւ այլն…»:
Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ. «Այս բոլոր մասնագետների հետ քննարկումից հետո միայն պետք է ընդհանուր եզրահանգում արվեր, թե որ տարբերակն է հայկական կողմի համար ընդունելի, որ տարբերակի պարագայում բնակիչներն ինչ կարգի խնդիրների առաջ են կանգնելու, եւ ինչպիսի լուծումներ են տրվելու, ՀՀ ենթակառուցվածքների տեսակետից՝ ինչ խնդիրներ են առաջանալու եւ այդ առումով ինչ ծրագրեր պետք է իրականացվեն, ու արդեն իսկ այդ ծրագրերը սկսեին իրականացվել՝ նախքան որեւէ բանակցություն անցկացնելը: Մինչդեռ այստեղ սայլը ձիուց առաջ է դրվել»:
Կարդացեք նաև
Դիվանագետի ձեւակերպմամբ, փոխանակ խնդիրը համապարփակ լուծում ստանա, քայլերը իշխանությունների ստանձնած հանձնառությունների համապատասխան են իրականացվում. «Հուսամ Կիրանցի բնակիչներին տրված (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) պատասխանը կբացի ՀՀ մյուս բնակիչների աչքերը, որոնց թվում է, որ եթե իրենց հետ կապված հարցեր լինեն, խնդիրն այդպես չի լուծվելու: Հենց այդպես էլ լուծվելու է…Եթե այս անձը շարունակի մնալ իշխանության, նրա սպասարկու խմբակը շարունակի ղեկավարել եւ կոճակ սեղմելով իրականացնել պատվերները, մենք շատ մոտ ապագայում տեսնելու ենք Հայաստանի Հանրապետության՝ որպես հայի հայրենիքի ոչնչացումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ